Յանա Եգորյան. Ամեն հայ կին պատրաստ է մեծ ուշադրության

Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարում թրամարտի անհատական չեմպիոնական տիտղոսը նվաճած 22-ամյա ռուսաստանցի Յանա Եգորյանը մեկնաբանել է հաղթանակը:
Եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Սոֆյա Վելիկայային:
«Կարիերայիս առաջին նպատակը 2010թ. Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի տիտղոսն էր: Այդ նպատակին հասնելուց հետո երազում էի իսկական Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի մասին: Լոնդոն-2012-ը դեռ չէր կարող իմը լինել: Բայց նախատեսում էի, որ վեց տարի է ինձ անհրաժեշտ այլ մակարդակի հասնելու համար: Բոլորը հասկանում են, որ մանկական Օլիմպիական խաղերը չի կարելի համեմատել այս Խաղերի հետ: Կարող ես լավ սուսերամարտել, բայց առանց հոգեբանական կայունության ոչինչ չի ստացվի:
Հաճախ հարցազրույցներ տալու սովոր չեմ: Ինձ միշտ ասում են, որ ամեն ինչ խառնում եմ: Բայց ամեն հայ կին պատրաստ է մեծ ուշադրության:
Ռուսական սուսերամարտում վստահ էինք, որ դոպինգի խնդիր չկա: Գիտեինք, որ բոլորս մաքուր ենք: Մենք հրաշալի հանձնել ենք բոլոր թեստերը Եվրոպայի առաջնության ժամանակ: Սուսերամարտն այն մարզաձեւը չէ, որտեղ կիրառելի է դոպինգը: Մենք դրա կարիքը չունենք: Մինչեւ վերջին պահը մարզվել ենք»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
1993 թվականին Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում: