Ուկրաինայի բուհը Հայաստանում որպես բարեկամության և համագործակցության կամուրջ

ՀՀ Սփյուռքի նախարարության 2016թ. «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցելու ժամանակ, հնարավորություն ունեցա ծանոթանալ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանի հետ, որը հրավիրեց ինստիտուտի 15 -ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգին: Միևնույն ժամանակ, նա առաջարկեց այցելել ինստիտուտ և ծանոթանալ իրենց կատարած աշխատանքներին և նշեց,որ առաջիկա միջոցառումը դա ուկրաիներենի շատ սիրելի ուսուցչուհի Նադեժդա Պանֆիլովնայի հիշատակին նվիրված լսարանի բացումն է: Անկեղծ ասած, առաջարկն անսահման մեծ հարգանք առաջացրեց տնօրենի նկատմամբ, այդ իսկ պատճառով շնորհակալության խորը զգացմունքով իսկույն համաձայնվեցի:
Լսարանի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Ուկրաինայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլիան, դեսպանատան աշխատակիցները, «Ուկրաինա» ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը, Նադեժդա Պանֆիլովնայի ամուսինը՝ Սերգեյ Միրզոյանը, հարազատները, ուսանողները, ինստիտուտի աշխատակազմը:
Ներկաները մեծ հարգանքով և սիրով էին հիշում ուսուցչուհուն, կատարած աշխատանքը, բարձր գնահատելով նրա թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական արժանիքները, իսկ նրա գեղեցիկ դիմանկարը հեզությամբ ժպտում էր, ներկաներից յուրաքանչյուրին պարգևելով մի լուսավոր հուշ և միևնույն ժամանակ հաստատելով սիրելի ամուսնու խոսքերը ՝ «Ես ապրում էի հրեշտակի հետ, իսկ այժմ նա է հրեշտակների մոտ»: Անարդարության զգացմունքը ցավեցնելու աստիճան հուզում էր հոգիս, ինչո՞ւ այսպիսի երիտասարդ և նվիրյալ անձնավորությունը, այդքան վաղ է հեռացել կյանքից, ինչո՞ւ… Զգալով սեփական անզորությունս կյանքում ինչ որ մի բան փոխելու, միայն ի վիճակի եղա երախտագիտության խոսքեր հղել Ս. Ղուդրատյանին այդ անչափ մարդասիրական արարքի համար:
Հաջորդ հանդիպումը արդեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում էր, որտեղ ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտի 15-ամյակի և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության կապակցությամբ կայացավ տոնական համերգ : Դահլիճում ներկա էին բարձրաստիճան հյուրեր, պետական մարմինների ներկայացուցիչներ,դասախոսներ, վարչական աշխատակիցներ, ուսանողներ: Պարոն Ղուդրատյանը ներկաներին ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եղել և օգնել են այդ ճանապարհին, կարևորելով այն միտքը , որ « Ցանկացած պետության հիմքը՝ դա կրթությունն է»: Իհարկե կատարված աշխատանքը արժանի է միայն բարձր գնահատականի՝ ստեղծված են բոլոր պայմաններն ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, լաբորատորիաները հագեցված են ժամանակակից տեխնիկայով, ստեղծվել է հզոր նյութատեխնիկական բազա բարձրակարգ կադրեր պատրաստելու համար և այժմ ինստիտուտը հանդիսանում է հեղինակավոր, ժամանակակից , մրցունակ բուհ:
Տոնակատարությունն անցավ բարձր մակարդակով, համերգասրահը դարձել էր երջանիկ հայացքների և ուրախ ժպիտների մի կախարդական մոլորակ, որի անունն էր հայ-ուկրաինական բարեկամություն:
Ռուզաննա Մարտիրոսյան
Երևան-Կիև
http://kievao.com.ua/