Hollywood Book Festival-ի մրցանակը՝ Մարտիկ Մատենճյանի «Բռնագրավված դրախտը. բռնագաղթ դեպի ոչնչություն» գրքին

2016 թ. հունվարին հայոց Ցեղասպանության 100 ամյակի առիթով լույս տեսավ Մարտիկ Մատենճյանի «Ravished Paradise. Forced March to Nothingness» («Բռնագրաւուած դրախտը. բռնագաղթ դէպի ոչնչութիւն») վերնագրով գիրքը՝ անգլերեն լեզվով: Մենք մարտի 25-ին արտատպել էինք «Ասպարէզ»-ի գրախոսությունը՝ նվիրված այս կարևոր աշխատությանը:
Գիրքը շահել է Hollywood Book Festival-ի մրցանակը: «Ակունք» – ի խմբագրությունը ի սրտե շնորհավորում է գրքի հեղինակի որդուն՝ Մարտիրոս Մատենճյանին և ներկայացնում նրա նամակը (արևմտահայերեն) հասցեագրված խմբագրությանը:
«Սիրելիներ, Մարտ 25-ի ձեր տեղեկագրութեան մէջ, թիւ 49539, յիշատակած էիք Մարտիկ Մատէնճեանի «Բռնագրաւուած Դրախտը, Բռնագաղթ Դէպի Ոչնչութիւն» գիրքին անգլերէն հրատարակութեան մասին:
Սոյն գիրքը՝ Ravished Paradise, Forced March to Nothingness շահեցաւ Hollywood Book Festival-ի կազմակերպած մրցանակը պատմութեան գիրքերու բաժնին մէջ:
Անձնապէս ուրախ եմ որ հայկական ցեղասպանութեան եւ ծնողքիս վերապրումը նկարագրող գիրքը մրցանակի արժանացաւ` խորտակելով հայկական որեւէ հարցի առջեւ դրուած արուեստական պատնէշը: Բոլորս գիտենք, թէ օտար հասարակութիւնը ինչպիսի անտարբերութիւն կը ցուցաբերէ մեր արդար դատին նկատմամբ: Այս մրցանակին շնորհիւ, կը յուսամ, օտար շրջանակներու մօտ աւելի գիտակցութիւն արթնցնեմ հայկական արդար դատին եւ Հայաստանի նկատմամբ:
Մրցանակաբաշխութիւնը տեղի պիտի ունենայ Օգոստոս 18, 2016-ին, Hollywood Roosevelt Պանդոկին մէջ, ուր Օսքար կինո-մրցանակի առաջին հանդիսութիւնը տեղի ունեցած էր Մայիս 16, 1929-ին»: