ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐ

Երբ երիտասարդ ես, լի ավյունով և երազանքներով, ունես անսպառ անելիքներ և անցնելիք անհորիզոն ճանապարհ, ամեն ինչ թվում է մատչելի, հրապուրիչ ու ձգող։ Եվ եթե կարողանում ես գիտակից մտորումների դիպուկ  վճիռներով տարբերակել միմյանցից կարևորն ու անկարևորը, ուրվագծերը վերածվում են գծապատկերների, երազանքները՝ ցանկությունների, անելիքները՝ գործողության։

Հայկական կիրակնօրյա դպրոցի նպատակասլաց երիտասարդները իրենց հայկական կյանքը փորձում են ապրել հետաքրքիր և օգտավետ։ Յուրաքանչյուր ամիս դպրոցում կազմակերպվում են հայ ժողովրդի կյանքի այս կամ այն կարևոր իրադարձությանը նվիրված ճանաչողական, ուսուցողական միջոցառումներ։

Այս տարի Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման տարեդարձը դպրոցը նշանավորեց Կրասնոդարի հին գերեզմանոցի անմխիթար վիճակում հայտնված հայկական գերեզմանների մաքրման և կարգի բերման աշխատանքներով։ Ընտրված նշանաբանը բազմախոս էր և խորհրդանշական – «Սերունդների կապը ժամանակից և տարածությունից վեր»։

Եթե չի կտրվում սերունդների հաղորդակցման շղթան, ուրեմն հզոր երկրի, ծաղկող մշակույթի և անհաղթ պետականության քաղաքացու  գենետիկ հաջորդողն հայ երիտասարդը, և նրա համար ոչինչ չկա անհաղթահարելի կամ ընկրկելի։ «Գարեգին Նժդեհ» խմբի ավագ Վարդան Բախչոյանի գլխավորությամբ  «Նարեկացի», «Մոնթե Մելքոնյան» և նշված խմբի ուսանողները, բեռնված աշխատանքային գործիքներով, անտեսելով ցուրտը և խոնավությունը, ջանասիրաբար մեկ առ մեկ մաքրում էին մեսրոպատառ գերեզմանաքարերը, կարգավորում շրջակայքն ու արահետները։ Թերևս միայն հարձակված իշամեղուների պարսը իր բազմաթիվ խայթոցներով ստիպեց նրանց ընդհատել եռանդուն աշխատանքը։

Երիտասարդները վերադարձան՝ նախնիների հիշատակին սրբազան պարտք հատուցելու բավականությամբ գոհացած, իրենց հոգիներում ամփոփած այն հավատը,  որ այս ոչ հայկական հողի վրա հնարավոր է ապրել արժանապատիվ հայկական կյանքով։ Նրանք ունեն հստակ մտադրություն՝ ևս մի քանի անգամ այնտեղ գնալու, շարունակելու շատ անհրաժեշտ գործը։ Դեռ պետք է հասնել հինավուրց հայկական մատուռին և այն ազատել մացառներից ու մոլախոտերից։ Հեռացած սերնդի սավառնող ոգին ինքնավստահություն և ամրություն էր հաղորդում Կրասնոդարում ապրող արդեն չորրորդ սերնդի հայ երիտասարդներին։

Հոկտեմբեր ամիսը սովորաբար դպրոցում նշանավորվում է երկու ամսաթվով՝ քաղաքամայր Երևանի տարեդարձով և Թարգմանչաց տոնով։  Այս երկու տոները միացնելով, ավագ խմբի աշակերտները՝ ուսուցչուհի Երազիկ Հարությունյանի ղեկավարությամբ, անցկացրին մի բովանդակալից պատմության բաց դաս, որի ընթացքում երեք բանախոսները նախ հակիրճ ներկայացրին մեր հայրենիքի  մի շարք հայտնի մայրաքաղաքների պատմությունը և պարզաբանեցին Երևանի դերը համայն հայ ժողովրդի կյանքում, ապա՝ անդրադարձան Սուրբ Մեսրոպի անմահ գործի էությանն ու Թարգմանչաց տոնի խորհրդին։ Ելույթները համեմվում էին Երևանին և հայկական դպրությանը նվիրված տեսանյութերով։ Վերջում դասին ներկա գտնվողները նայեցին և քննարկեցին ռուսական  «Մշակույթ» (Культура) հեռուստաալիքի ցուցադրած  «Հայկական լեռնաշխարհը 12 հազար տարի առաջ» փաստագրական ֆիլմը։

Կարծիքների  աշխույժ փոխանակությունը շարունակվեց կլոր սեղանի շուրջ, որտեղ նոր խմբի ուսանողներին  ավելի ավագ խմբերի անդամները ներկայացրին դպրոցում գործող «Արմատ» երիտասարդական կազմակերպության  գործունեության  ոճն ու ոլորտները և միասին կազմեցի հետագա միջոցառումների ծրագիր։

Երբ գիտես քո ժողովրդի պատմությունը, երբ հասկանում ես, որ անհիշելի, անպեղելի ժամանակներից ցայսօր քո ժողովուրդը զբաղված էր միայն հորինելով և ստեղծելով, առանց նմանակելու, գողանալու կամ զավթելու, ծնվում է ինքնավստահությունն ու հավատը վաղվա օրվա հանդեպ։ Համոզվում ես, որ ներկայի տեղատվություններն ու անհաջողությունները շատ ժամանակավոր են, որ հայի հազարամյա կենսունակ ներուժը նորից կհառնի մոխիրներից, ծերունազարդ Արարատը ներողամտաբար կընդունի բոլոր մոլորյալ որդիներին և կհասունանանա վերադարձների բերքառատ ժամը։

Մասիսը չի հոգնում սպասելուց, անսասան մնում է իր դիրքում, բոլորից բարձր, բոլորից վեհ, իր անկրկնելի գեղեցկությամբ շոյելով գեղեցկուհի Երևանի նայվածքները, և համբերում է…

Սա Երևանն է…

Խիղճն է աշխարհի,

Որ վարդագունած՝

Հույսեր է մանում դարեր շարունակ,

Երազ է մանում Մասսի տեսիլքով։

…Ո՞վ է արարել խորհուրդն այս խորունկ՝

Կապուտակ լեռան կապուտակ փեշին,

Կապույտ երկնքի քղանցքից պոկված,

Լույս ու հմայքի, սեր ու հրայրքի բոցը վարդագույն…

Ո՞վ է երազել երազն այս չքնաղ,

Աստվա՞ծ ողորմած,

Հա՞յն աստվածացած,

Թե՞ ոգին հայոց, հանճարն անպարփակ…

Այս Երևանը…

 

Երազիկ Հարությունյան

Ք. Կրասնոդար

1371588_574909622568720_1193250290_n

1384842_574909635902052_1179253232_n

1394863_574909625902053_1988404538_n

Scroll Up