ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Երևանում հավատարմագրված դեսպաններ, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակման կապակցությամբ՝ նախարարը ասաց. «Հետաքրքրությամբ եմ  կարդացել կարևոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը և վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլև առավել լայն շրջանակի ընթերցողների համար»,- նշեց արտգործնախարար Նալբանդյանը:

572. Hayk Demoyan's book presentation at MFA 17.10.2013 (2)

Իր խոսքում շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանը ասաց, որ այս գիրքը տասնհինգ տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ ներկայացված է  Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչև մեր օրերը։ Նա շեշտեց, որ սույն աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս անհայտ պատմական, արխիվային վավերագրեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այս խնդրի վերաբերյալ։

«Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի թեժացմանը, և շարունակում է բացասաբար ազդել արգավորման գործընթացի վրա», – ընդգծեց Հայկ Դեմոյանը։

Գրքի գիտական արժեքների մասին խոսեցին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը։ Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up