Արգենտինայի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի սաների խնայած գումարը հանձնվեց ապրիլյան պատերազմում զոհված յոթ ազատամարտիկների ընտանիքներին

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արգենտինայի ՀԲԸՄ Մարի Մանուկյան դպրոցի սաների խնայած 2100 դոլարի հանձնումը ապրիլյան պատերազմում զոհված յոթ ազատամարտիկների ընտանիքներին:

Արգենտինայի հայոց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նշեց, որ արգենտինահայերը ապրիլյան պատերազմին հետևել են նույնքան սրտի ցավով ու անհանգստությամբ, ինչպես հայաստանցիներն ու ամբողջ աշխարհի հայերը, և այս քայլը համարում են ոչ թե օգնություն, այլ պարտականություն:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն ընդգծեց. «Սիրելի՛ մայրեր և քույրեր, համարեք, որ Սփյուռքի նախարարությունը ձեր տունն է: Այստեղ աշխատող յուրաքանչյուր ոք պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում օգտակար լինել ձեզ: Մենք հպարտ ենք ձեր զավակներով, ովքեր հերոսաբար նահատակվեցին, որպեսզի պաշտպանեն Արցախը: Նրանք մեր հերոսներն են, ում մենք հիշում ու մեծարում ենք ամեն օր»:

Այնուհետև Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Սփյուռքի նախարարության աշխատակազմին ներկայացրեց Արգենտինայի հայ համայնքի ներկայիս խնդիրներն ու այնտեղ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Scroll Up