Ուորլիք. Համանախագահներն ուսումնասիրում են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին Trend-ին ասել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացում դրական պահը: Նա ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հակված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ երկխոսության շարունակմանը: Ուորլիքը նաեւ հայտնել է, որ համանախագահներն ուսումնասիրում են երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորչությունը:
«Տվյալ պահին տարածաշրջան այցելելու որոշակի պլան չունենք, սակայն նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու կապակցությամբ կողմերի հետ մշտական շփման մեջ ենք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումները շփման գծում բռնության թուլացման որոշակի արդյունք ունեցան: «Բանակցային գործընթացը վերականգնվել է, ձեռք է բերվել բռնության հավանականությունը նվազեցնելու համաձայնություն»,- ասել է Ուորլիքը: