Վլադիմիր Սպիվակովը Գյումրիին բարեգործական համերգ կնվիրի
Համաշխարհային մեծության երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի նոյեմբերին կայանալիք այցը Հայաստան հավակնում է դառնալ այս աշնան ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը: Անվանի երաժիշտը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր երկիր են ժամանելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Նախանշված առաջին համերգը կկայանա Երևանի «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում նոյեմբերի 10-ին, երկրորդը` նոյեմբերի 11-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում։ «Երևանյան համերգը նվիրվելու է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի հիշատակին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:
Նրա խոսքով` կայանալիք համերգների ընթացքում հանդես են գալու հրաշալի մենակատարներ հետաքրքիր ծրագրով: «Վլադիմիր Սպիվակովի հետ Հայաստան կվերադառնա նաև դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Հայաստանի պետական եևրիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ հոկտեմբերի 17-ին»,- պատմեց Տեր-Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Գյումրիում կայանալիք համերգը բարեգործական է լինելու: Դա պայմանավորված է նաև այն առանձնահատուկ վերաբերմունքով, որը տածում է մաեստրո Սպիվակովը Գյումրիի հանդեպ: «Կարծում եմ շատ սպասված համերգներ են լինելու»,- հավելեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենը:
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին կներկայացնի դասական երաժշտության երեկո: Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։
Վլադիմիր Սպիվակովը, 1988 թվականին տեղեկանալով երկրաշարժի բոթի մասին, մեկնել է Գյումրի և համերգներ է ունեցել: 2008 թվականին իր ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հետ երկրաշարժից 20 տարի անց նա կրկին եկել է Գյումրի:
Սպիվակովի մասին ռուսաստանյան բազմաթիվ առաջատար հեռուստատեսային ֆիլմերում առանձնահատուկ հուզմունք առաջացնող նյութ է դարձել այն, որ երկրաշարժից հետո Գյումրիում ունեցած համերգներից մեկի ժամանակ Սպիվակովը գոբելենագործ մի գորգ է նվեր ստացել ծաղրածուի պատկերմամբ: Գորգի հեղինակը մի երեխա էր, ով զոհ էր դարձել աղետալի երկրաշարժին: 1998 թվականին` ուղիղ 10 տարի անց, անվանի դիրիժորը եւս մեկ գորգ է նվեր ստացել: Գորգի հեղինակը մի երեխա էր, ով ծնվել է դեկտեմբերի 7-ին և ում ծնողները զոհվել են հենց այդ օրը։
Սպիվակովին Հայաստանի հետ կապող ամուր օղակներից մեկը կինն է, դերասանուհի, հաղորդավարուհի Սատի (Սաթենիկ) Սպիվակովան, ով նաև անվանի ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն է: