Մեծացել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հավանականությունը. Մայքլ Ռուբին

արավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում մեծացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը, համոզված է «American Enterprise Institute » հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարևոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը, գրում է News.am-ը:

«Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երևանի նկատմամբ»,– նրա խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետևանքներ ունենալ. «Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը։ «ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետև այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է և չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միևնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով և եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ:

Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշել է, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն.«Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը և, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը։

«Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»,– ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնել են, որ այն կարող է լինել անկանխատեսելի:

Scroll Up