Արցախյան ղողանջներ. Ծննդյան օրվա անակնկալ
Այսօր մեր հայրենակից, արցախցի գրող Լևոն Ադյանի ծննդյան օրն է…
Նա Բաքվի հայտնի դեպքերից հետո տարագրվել է Ռուսաստան, ապրել տարբեր քաղաքներում, վերջին տարիներս բնակվում է հեռավոր Սանկտ Պետերբուրգում: Թերթում եմ նրա <<Իրիկնային աղջամուղջ>> ժողովածուն, որ վերջին ամիսներին դարձել է իմ սեղանի գիրքը: Այն լույս է տեսել Ստեփանակերտում 2013 թ-ին, որը բովանդակում է հեղինակի մի շարք վիպակներ, պատմվածքներ ու մանրաքանդակներ, որոնք արտացոլում են հայրենի Արցախ աշխարհի ու նրա մարդկանց առօրյան:
Ես առերես նրան չեմ ճանաչում, բայց նա իմ դպրոցական տարիների ճանաչված գրողներից է՝ ծնված Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում 1940 թ-ի օգոստոսի 3-ին: Հայացքս սահում է նրա գրական գործունեության անցած ճանապարհին: 1970 թ-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, ներկայումս՝ Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ: Նա հեղինակ է ինքնուրույն ու թարգմանական ավելի քան երեսուն արձակ գրքերի՝ <<Կյանքի ճանապարհին>>, <<Հեռու լեռներում>>, <<Իմ երկրի մարդիկ>>, <<Կորսված բարդիներ>>, <<Այն հեռավոր ամռանը>>, <<Տունը գյուղի ծայրին>>, <<Ձորում աղմկում է գետը>>, <<Աշնանային ցրտեր>> <<Մոռացված երգը>> <<Դարձ ի շրջանս յուր>>, <<Հեռացող եզերք>> և այլն: Մի շարք գրքեր լույս են տեսել նաև այլ լեզուներով:
Իմացա, որ այս օրերին արձակագիր Լևոն Ադյանը գալիս է իր հայրենի Արցախը: Մտածում էի՝ տեսնես կայքի ընկերների՞, թե՞ մանկավարժի ու գրողի հանդիպում կլինի: Եվ իմ մտորումների մեջ նախապատվությունը տվեցի երկրորդին, բայց հեռավոր ափերում ապրող իմ լավ ընկերուհիներից մեկը խորհուրդ տվեց ինձ՝ այդ հանդիպման ժամանակ դու աշակերտուհի կլինես, Ադյան գրողը՝ ուսուցիչ…Երևակայությամբ ես այդ անակնկալ հանդիպմանն էի նախապատրաստվում, մերթ աշակերտուհի էի, մերթ՝ ուսուցչուհի…Երբեմն խախտում էի կարգը և դառնում կայքի ընկերուհի, բայց նորից հավաքում էի ինձ, որ ես ուսուցչուհի եմ, իսկ նա իմ դպրոցական տարիների գրողն է, ում ծանոթ էի վաղ հասակից:
Հետադարձ հայացք ձգեցի անցած օրերիս…Գրողի «Հեռացող եզերք» վեպը ձեռքիս մտա դասարանից դասարան…Այն իրական պատմություն է, որը Լևոն Ադյան արձակագրի գրչի ու դիտողականության շնորհիվ` ականատեսի հայացքով անցած դարավերջի` հայերի նկատմամբ Բաքվի և Սումգայիթի ոճրագործությունը գրականության մեջ մտցվեց որպես ճշմարտացի գեղարվեստական վերարտադրություն: Գրողը նկարագրում է մարդկային ճակատագրեր, դրա հետ նաև փիլիսոփայորեն իմաստավորում նրանց կյանքը, նկարագրում նաև քաղաքականությունից հազար տարով հետ մնացած մի վայրենություն: Այդ ոճրագործությունը մի այլ դեմք ստացավ իմ աշակերտների հայացքներում՝ գեհենի վկա գրողի անձնական տառապալից կյանքով: Այստեղ նա ոչ թե պատմում է ինչ-որ հերոսի մասին, այլ ինքն իրադարձությունների առանցքում է, հենց ինքն է իմաստավորում երևույթը` որպես պատմական իրադարձության ականատես:
Գիրքը ձեռքից ձեռք էր անցնում, արցունքոտված աչքեր կային ինձ հառված, մի ամբողջ դպրոց ամիսներ շարունակ ադյանական օդ էր շնչում: Գրողի միջամտությամբ դպրոցը գրքեր ստացավ, կամաց-կամաց հեղինակի մյուս ժողովածուներն էլ ձեռքից ձեռք անցան…Շուտով հիացական տողեր էին ծնվում նաև ինձ մոտ նրա ստեղծագործությունների մասին, արվեստագետ գրող կար այնտեղ, հրաշալի գեղանկարիչ, իմաստություն կրող մարդ…Եվ իմ ամեն մի շարված տող մի նոր ընդվզում էր ծնում հոգումս, դպրոցի սովորական ուսուցչուհին դարձել էր մի հասարակ վերլուծաբան, որ իր գնահատականն էր համարձակվում տալ գրողի սեղծագործություններին: Դրանք իրար հետևից տպագրվում էին, իսկ ես հիացած էի, ինձ վերագտած, որ ինձ ոչ հասու գրականագիտական վերլուծությունների փորձեր եմ անում, արժանանում նույնիսկ գովասանքների, բայց նաև աշակերտուհու նման երբեմն ընդունում ինձ ուղղված դիտողությունը:
Մի որոշ ժամանակ գրիչս կանգ էր առել, բայց այս օրերին մտորում էի՝ հայրենի հողի կանչը հոգում՝ Ադյան գրողը գալիս է Արցախ, ուրեմն մի բան պետք է մտածել: Նոր ծնված տողերիս մեջ տեսա իր վեհության պատվանդանին կանգնած գրողին, որ եկել էր հայրենի բնաշխարհը: Գեղեցիկ էր ամեն ինչ, գրիչս սահուն շարում էր տողերն այն հայրենի հիշատակների մասին, որտեղ անցել էր նրա պատանեկությունը և ահա նորից եկել էր այցի այդ վայրերին ու հարազատ մարդկանց: Եվ նրա «Աշնանային ցրտեր» վիպակի իմ վերլուծությունը բարի գալուստի անակնկալ պիտի դառնար մեր հանդիպման ժամանակ, բայց նախատեսեցի նաև բարի ճանապարհի մի նոր անակնկալ, որ օրեր անց օտար ափերում տուն հասնելուն պես՝ նա պիտի ընթերցեր գեղագետ գրողի մասին մի նոր շարադրանք… Հայրենի բնաշխարհ կար այնտեղ, Ադյան գրող կար վեհացած…
Տող տողի վրա մտքերս ծնվում էին, և հանկարծ օրեր առաջ իմացա, որ չենք հանդիպելու՝ հանգամանքներից ելնելով….Բայց ինչպե՞ս, չէի հավատում, չէ՞ որ երբեմն իրականություն են դառնում չիրականացվող երազանքները: Շարվածքս կանգ առավ միանգամից ու այդպես էլ մնաց անավարտ, բայց հոգումս դաջված մնաց չկայացած մի հանդիպում, անավարտ մի անակնկալ…
Այսօր իմ հայրենակից գրողի ծննդյան օրն է, ի սրտե շնորհավորում եմ նրան, բայց հանկարծ մի հեռախոսազանգ, ինձ սպասվում է մի նոր անակնկալ… Արցախիս մայրաքաղաքում ես հրավիրված եմ Լևոն Ադյան գրողի ծննդյան տարեդարձին…
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի