Իտալիայի Էմիլիա Ռոմանիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ընդառաջելով 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի հայ համայնքի խորհրդի կոչին՝ Իտալիայի Էմիլիա Ռոմանիա նահանգը, ի թիվս բազմաթիվ իտալական քաղաքային ու նահանգային ազգային իշխանությունների, հուլիսի 28-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Իտալիայի հայ համայնքից:

Բանաձևում նահանգային խորհուրդը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին և նահանգի վարչական խորհրդից խնդրել. «Աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական և գիտական ուսումնասիրությունների, նախաձեռնությունների իրագործմանն ու ցեղասպանության պատմության տարածմանը, ինչպես նաև՝ համագործակցել թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտության գործընթացին, ելնելով պատմական փաստերի ճանաչումից, վերակենդանացնելով ցեղասպանության պատմության հիշատակը` հասարակական, գիտական և այլ ձեռնարկների միջոցով»։

Բանաձևի ընդունման առթիվ Հռոմի հայ համայնքի խորհուրդը շնորհակալական նամակ է հղել նահանգի խորհրդարանի անդամներին, որով երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հիշատակի պայքարին մասնակցելու, ինչպես նաև՝ ճշմարտություն և արդարություն որդեգրող դիրքորոշման համար։

Հավելենք, որ Էմիլիա Ռոմանիա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչած իտալական 104-րդ քաղաքական միավորն է։ Ընդհանուր ցանկը կարելի է գտնել հետևյալ հասցեում. http://www.comunitaarmena.it/il-genocidio-armeno/italia-ricorda/ ։

Scroll Up