Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների եւ հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին:
Նախագահն այցելել է նաեւ Ալաշան տեղամաս եւ տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետեւանքները վերացնելու համար:

Այնուհետեւ Պողոսագոմեր գյուղում Նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:

Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են Մարտակերտի շրջանի եւ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր եւ կայուն տեմպերով:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյան1Բակո Սահակյան2 Բակո Սահակյան3Բակո Սահակյան4 Բակո Սահակյան5Բակո Սահակյան6 Բակո Սահակյան7Բակո Սահակյան8

Scroll Up