Ֆրանսահայ ռեժիսոր Գեդիգյանը՝ Վենետիկի կինոփառատոնի «Հորիզոնների» ժյուրիի նախագահ

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի Վենետիկի 73-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» բաժնի միջազգային ժյուրին։ 2016-ին փառատոնը կանցկացվի Վենետիկի Լիդոյում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։
Չլինելով Վենետիկի մշտական մասնակից՝ Գեդիգյանն օտար չէ Լիդոյին, որտեղ 2000թ-ին տեղի ունեցավ նրա մարսելյան «Քաղաքը հանգիստ է» (La ville est tranquille) ֆիլմի պրեմիերան։ Նրա ֆիլմոգրաֆիան կենտրոնացած է ֆրանսիական աշխույժ նավահանգստային քաղաքի կյանքի ուսումնասիրության շուրջ՝ «իր հարևանության միկրոտիեզերքի պատմություններով՝ ուշադրության կենտրոնում պահելով հասարակ մարդկանց կյանքը», նշվում է հայտարարությունում։
Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած մոտ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:
2001-ին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:
Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: 2015-ին Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:
2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:
Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերումլ գրում է panarmenian.net-ը: