Այն մասին, թե ինչ է նշանակում «Օզբիլիս» ազգանունը
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Արաքս Մարությանը օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ազգանվանը:
Հայաստանում կայացած Բուլղարիայի հետ հանդիպումից անմիջապես հետո Մարությանը հանդիպել է Արազ Օզբիլիսին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստան էին եկել հատուկ այդ խաղի համար:
«Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Օզբիլիսների հետ, որից հետո շատ հետաքրքիր զգացողություններ ունեմ: Մի բան է մարդուն տեսնել դաշտում, այլ բան` ընտանիքի անդամների շուրջ: Մի բան է ուղղակի արտասանել «Օզբիլիս»ազգանունը` որպես ֆուտբոլիստի ազգանուն, այլ է, երբ իմանում ես, թե այդ ազգանունն ինչ հետաքրքիր ու խորը պատմություն ունի:
«ՕԶԲԻԼԻՍ» նշանակում է ինքնությունը պահող, պահպանող: Չեմ ուզում անդրադառնալ պատմության բոլոր մանրամասներին, միայն մեկ դրվագ պատմեմ, որը պատկերացնելիս պարզապես փշաքաղվում եմ:
Արազի հոր պապը, փրկվելով ջարդերից, ապրելով նկուղում, հայերենը չմոռանալու համար ինքն իր հետ հայելու դիմաց խոսել է ՀԱՅԵՐԵՆ և հետագայում, չունենալով ոչ մի փաստաթուղթ, հենց լեզվի շնորհիվ է, որ ապացուցել է իր ՀԱՅ լինելը: Եվ հենց դա է պատճառը, որ փաստաթղթեր ձևակերպելիս նրան տվել հենց «Օզբիլիս» (ինքնությունը պահպանող) անունը»,-գրել է Մարությանը:
Yerkir.am- խնդրանքով` Արաքս Մարությանը պատմեց ազգանվան մասին բոլոր այն մանրամասները, որոնք նա լսել էր Օզբիլիսների ընտանիքից:
«Արազի հոր պապը ունեցել է ևս 8 եղբայր, որոնցից, ցավոք, փրկվել է միայն նա: Այդ ժամանակ նա ընդամնեը 9 տարեկան էր: Երկար ժամանակ ապրել է նկուղում ու որպեսզի չմոռանա հայերենը, հայելու առաջ ինքն իր հետ խոսել է հայերեն:
Հետո` տարիներ անց, օրենք է հանվել, ըստ որի՝ ով կներկայացնի փաստաթուղթ, որ հայ է, կստանա իր փողերն ու հողերը: Քանի որ Արազի հոր պապը ոչ մի փասթաթուղթ չի ունեցել, նա լեզվի շնորհիվ է ապացուցել իր հայ լինելը: Ըստ օրենքի` նրան տվել են փող, նա էլ այդ փողը տվել է իրեն պահող թուրքին՝ ի նշան շնորհակալության, հետո նրանից գնել է Ռեհան անունով հայ կնոջը և ամուսնացել նրա հետ:
Այնուհետև այդ նույն թուրքը նրանց համար փաստաթղթեր է պատրաստել և թղթերում գրել Օզբիլիս ազգանունը»:
Հայաստանի հավաքկանի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին մեկ անգամ չէ, որ ազգանվան համար օտարերկրացի լրագրողները «թուրք» են անվանել, սակայն ինքը` Արազը, կտրուկ վերջակետ է դրել այդ հարցին` ասելով. «Ես ՀԱՅ եմ և երբ ստացա Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը , առանց երկմտելու համաձայնվեցի»:
yerkir.am