Լիբանանահայերի կողմից Բերձորում դպրոցական ամառային ճամբար է կազմակերպվել

Լիբանանում գործող ՀՅԴ «Զավարյան ուսանողական միություն» կազմակերպությունը Բերձորի Վահան Թեքեյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում ընթացիկ տարվա հուլիսի 25-ից կազմակերպել է «Քաշաթաղն իմ տունն է,, խորագրով դպրոցական ամառային ճամբար:

Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ` նախօրեին կայացել է ճամբարի պաշտոնական բացումը, որին ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը:

Ճամբարականներին ողջունեց Լ. Հովհաննիսյանը՝ կարևորելով լիբանանահայերի գործունեությունը և Քաշաթաղի դերը Հայոց նորագույն պատմության մեջ՝ նա նշել է, որ այստեղ ծնված ու մեծացող սերունդն է ազատագրված հայրենիքի տերը: Կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպման համար՝ նույնպես կարևորելով Քաշաթաղի դերը և այն, որ այստեղ ծնված շատ տղաներ արդեն հայրենիքի սահմանն են պաշտպանում: Ճամբարի խմբապետեր` Նանար Սարկիսյանը և Նարեկ Սարկիսյանն առաջին անգամ են Արցախում և հիացած են մայր հայրենիքով: Տեղեկացրեցին նաև, որ ճամբարը գործելու է մինչև օգոստոսի 5-ը:

Ճամբարականները՝ մոտ 100 հոգի, բաժանված են 3 խմբերի: Յուրաքանչյուր խումբ ունի իր խմբավարը, ովքեր աշակերտների հետ ճանաչողական բնույթի դասընթացներ են անցկացնում:

Դասախոսություններից հետո երեխաները մարզադահլիճում մասնակցում են տարբեր խաղերի: Կազմակերպիչները հոգացել են նաև երեխաների սննդի հարցը, գրում է Արցախպրեսը:

 

Scroll Up