Շուշիում մեկնարկել է «Հայորդիներ» համահայկական սկաուտական 7-րդ բանակումը

Արցախում գործող «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության  «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը  Շուշիում իրականացնում է  համանուն  համահայկական սկաուտական 7-րդ  բանակումը, որն անց է կացվում հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 12–ը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայկի սերունդ» ՀԿ վարչությունից:

Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այդ ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել  երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 10 օր: Ամեն մի փուլում ընդգրկվելու է 150 հոգի (10-18 տարեկան) Արցախի բոլոր շրջաններից և Ստեփանակերտից: Իսկ օգոստոսին կայանալիք երկրորդ փուլին կմասնակցեն Հայաստանից և Սփյուռքից ժամանած պատվիրակներ։

«Հայորդիներ» սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն:

Միջոցառմամն նպատակներն են՝  խթանել «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանն Արցախում, նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, մատաղ սերնդի մեջ զարգացնել երկրի տիրոջ հոգեբանություն, Շուշին դարձնել համահայկական երիտասարդական հավաքատեղի, հաստատել համագործակցություն տարբեր երկրների սկաուտական կազմակերպությունների հետ։

1 2 3 4

Scroll Up