Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղում կոնգրեսական Ջեքի Սփայերին հայկական հարցերով հանձնախմբում ստանձնած նոր պաշտոնի կապակցությամբ

Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) ներկայացուցիչները հանդիպել և շնորհավորել էին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի  նորանշանակ համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփայերին (Դեմոկրատ, Կալիֆորնիա): Կոնգրեսական Սփայերն այժմ ծառայում է որպես Հանձնախմբի չորս համանախագահներից մեկը, հանձինս կոնգրեսականներ Ֆրենք Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդի (Հանրապետական, Իլինոյս) և Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա):

«Լիահույս ենք առ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքներում կոնգրեսական Սփայերի ակտիվ ղեկավարությանը», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հանդիպման ընթացքում Համագումարի գործադիր տնօրենը և 2016 թ. Թերջենյան-Թոմաս ծրագրի կամավորականների խումբն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ կապված մի շարք հարցերի, և վերհիշել Սփայերի պատմական այցը Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: Կոնգրեսական Սփայերը կոչ է արել կամավորականների խմբին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր համայնքի ակտիվ անդամ դառնա, ինչպես նաև իրենց կոնգրեսականների հետ կապվեն և տեղեկացնեն այն խնդիրների մասին, որ խորապես մտահոգում են նրանց: Համագումարի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Սփայերին վերջինիս հետևողական աջակցության համար և Հանձնախմբից նաև հետագա գործողություններ է ակնկալում:

Իր նշանակման հետ կապված հայտարարությունում կոնգրեսական Սփայերն Ամերիկայի հայկական համագումարին ասել էր. «Որպես Կոնգրեսի ընդամենը երկու հայ անդամներից մեկը, անչափ հպարտ եմ լինել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ: Մեծացել եմ՝ հպարտանալով իմ հայկական արմատներով և վաղ տարիքից սովորել եմ մեր հայ ժողովրդի հարուստ պատմությունը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում իմ նախնիների և այլոց կրած տառապանքների մասին` իբրև Հայոց ցեղասպանության մի մաս: Լիահույս եմ ներկայացնել ամերիկահայերին և բոլոր ամերիկացիներին՝ հայ-ամերիկյան կայուն հարաբերություններ ստեղծելու հարցում: Փառաբանելով մեր կայուն ժառանգությունը և ապահովելով, որ անցյալի վայրագությունները չմոռացվեն, կարող ենք ապահովել, որ Ամերիկան ​​և Հայաստանը խաղաղ ու բարեկեցիկ ապագա ունենան»:

Բացի այդ, անցյալ շաբաթ Համագումարի 2016 թ. կամավորականների խումբը հնարավորություն է ունեցել հանդիպելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆին (Դեմոկրատ, Կալիֆորնիա): Բացի կոնգրեսական Շիֆից, կոնգրեսական Դեյվիդ Թրոթը (Հանրապետական, Միչիգան) ևս ծառայում է որպես Հանձնախմբի փոխնախագահ:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն աշխատանքներ է տարել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար և անդամներին մշտապես ներգրավելու Հայաստանին վերաբերող հարցերում: Հանձնախումբը շարունակում է քարոզչություն տանել հանուն Հայաստանի համար ընդլայնված առևտրի և օժանդակության, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման աջակցության:

Scroll Up