ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձը ՀՀ օլիմպիական հավաքականի անդամներին

Սիրելի´ օլիմպիականներ, շնորհավորում եմ ձեզ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացելու պատվին արժանանալու կապակցությամբ:

Այսօր ձեզ՝ որպես հայրենիքի արժանավոր զավակների, հնարավորություն է ընձեռվել  մեր երկիրը ներկայացնելու քառամյակի ամենահեղինակավոր մարզական ստուգատեսում:

Դուք հայկական մարզաշխարհի այն 33 ներկայացուցիչներն եք, որոնց յուրաքանչյուր հաղթանակն այս խաղերում ողջ հայ ազգի հաղթանակն է լինելու, որոնց ձեռքբերումներից ազգովին ենք ուրախանալու և ցնծալու: Հիշե՛ք այս մասին:

Վստահ եմ ձեր կամքի և համառության վրա, վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ լավ ելույթ ունենալու և օլիմպիական պարգևների արժանանալու համար: Սիրելի´ մարզիկներ, համոզված եմ, որ հենց ձեր մեջ է Հայաստանի Հանրապետության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Հորդորում եմ ձեզ լսել ձեր մարզիչներին, հետևել նրանց բոլոր խորհուրդներին, և թող մարզական բախտը բարեհաճ լինի ձեր նկատմամբ:

Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ եմ մաղթում բոլորիդ:

Scroll Up