Ռիո-2016. Հայ օլիմպիական ծանրորդները, աթլետներն ու լողորդները մեկնեցին Բրազիլիա
Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մի մասն այս գիշեր մեկնեց մրցավայր: Երեւան – Մոսկվա – Դոհա – Ռիո դե Ժանեյրո թռիչքով մեկնեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը, աթլետներն ու լողորդները: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի կազմում օլիմպիական մայրաքաղաք մեկնեցին ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ պահեստային Վանիկ Ավետիսյանը: Մեկնողների հետ չէր 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, ով ավելի ուշ է մեկնելու Ռիո::
Կանանց թիմի կազմում Ռիո մեկնեցին Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանը՝ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:
Ռիո-2016-ում հայ աթլետները հանդես կգան 6 օլիմպիականներով: Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ Ռիո ժամանեցին Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը, Լիլիթ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Գոռ Ներկարանյանը եւ Լեւոն Աղասյանը: Հայաստանի պատվիրակության առաջին թիմի հետ օլիմպիական քաղաք մեկնեցին նաեւ լողորդներ Վահան Մխիթարյանն ու Մոնիկա Վասիլյանը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրն է լինելու Վահան Մխիթարյանը: Լողորդները Օլիմպիական քաղաք մեկնեցին առանց մարզիչի:
«Բարձր տրամարդությամբ ենք մեկնում: Մինչ մրցելույթների մեկնարկը կունենք 10-ն օրյա հավաք: Սպասելիքներով մեկնում ենք, թե ինչ արդյունքներ կունենանք, ցույց կտա օլիմպիական մրցահարթակը»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ հույս հայտնեց, որ Ռիո են մեկնում մեդալի հույսով:
«Հույս ունեմ, որ Նազիկ Ավդալյանը կուրախացնի բոլորիս, ինչպես նաեւ ինքն իրեն եւ իր առաջին Օլիմպիական խաղերում մեդալ կնվաճի: Սոնա Պողոսյանի համար այս Օլիմպիական խաղերը մեծ փորձ են՝ ինքնադրսեւորվելու եւ փորձ ձեռք բերելու համար: Շատ ցավում եմ, որ մեր առաջատար ծանրորդ, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը բաց է թողնում այս Խաղերը: Բայց հույս չեմ կտրում, որ Տոկիո-2020-ին Հռիփսիմեն կմասնակցի եւ հաղթանակով ու պատվով այդ Խաղերից հետո նոր կավարտի իր մարզական կարիերան»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:
Հայաստանի օլիմպիական թիմի երկրորդ կազմը՝ բռնքամարտիկներն ու հրաձիգ Հրաչ Բաբայանը, Ռիո կմեկնեն հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Արդեն Բրազիլիայում են գտնվում հայ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներն այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Բրազիլիայի Բլումանեու քաղաքում եւ Հայաստանի օլիմպիական հավաքականին կմիանան օգոստոսի 3-ին: Նշենք, որ արդեն Օլիմպիական քաղաք է մեկնել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը՝ նախքան Հայաստանի թիմերի ժամանումը կազակերպչական վերջին աշխատանքները կարգավորելու նպատակով:
Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին. բացման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը շքերթի դուրս կգա 35 ներկայացուցիչներով։
Լուսինե Շահբազյան