Մահմեդական լուսանկարիչը խաչքարի մեջ մարդու փրկության խորհուրդն է տեսնում

Հուլիսի 24-ին Նկարիչների միությունում կբացվի հորդանանցի Ռամի Իսսեռի լուսանկարների ցուցահանդեսը: Նա պարզապես սիրահարվել է հայկական խաչքարերին: Իսսեռի՝ Հայաստան առաջին այցելությունից հետո մոտ մեկ տարի է անցել: Այս ընթացքում հասցրել է բազմահազար լուսանկարներ անել: Դրանց մի փոքր մասը միայն կներկայացվի Հայաստանում, ապա արտերկրում:

Ռամի Իսսեռը իր 18 հազար լուսանկրաներից ընտրել է 40-ը՝ ցուցահանդեսին ներկայացնելու համար: Անցյալ գարնանը որպես զբոսաշրջիկ Հայաստան եկած Իսսեռն առաջին օրը հայտնաբերեց հետաքրքիր նախշերով ցայտաղբյուրը:

«Երբ ես սկսեցի տարբեր կողմերից լուսանկարել ցայտաղբյուրը, մարդիկ զարմացած ինձ էին նայում: Հետո իմացա, որ Հայաստանում այդպիսի խաչքարեր շատ ու ամենուր կան, իսկ ես կարծում էի, թե այն միակն է»,- պատմում է Ռամի Իսսեռը:

Հորդանանցի բանկիրը լուսանկարչությամբ զբաղվում է առօրյայից կտրվելու, հանգստանալու համար: Հայաստանյան թեմայով սա Ռամիի առաջին ցուցահանդեսը չէ:

«Լույսեր Երեւանից» շարքն արդեն ներկայացրել է մի շարք երկրներում: Հայաստան այցերի ընթացքում Ռամին շրջում է մարզերով ու լուսանկարում խաչքարերը: Տեսել է՝ ինչպես են դրանք ծնվում, լսել՝ ինչ նշանակություն ունեն: Մահմեդական լուսանկարիչը խաչքարի մեջ մարդու փրկության խորհուրդն է տեսնում:

«Ես խաչքարը մի քանի մասի եմ բաժանում՝ թագը, գլուխը, մարմինը եւ հիմքը: Կենտրոնում քանդակված խաչը սիրտն է: Վերեւի հատվածը դրախտն է, կենտրոնական մասը մարդու երկրային կյանքն է: Մահից հետո արդեն վերեւ՝ դրախտ է բարձրանում: Խաչքարի պատրաստումն աղոթք է: Քանդակագործն այդպես կապ է ստեղծում, շփվում Աստծո հետ»,- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ մեկնաբանում է Ռամի Իսսեռը:

Ռամին ասում է, որ լուսանկարել է Հայաստանի խաչքարերի 80 տոկոսը: Հիացած է Նորադուսի խաչքարերով: Նախատեսում է հայաստանյան ցուցադրությունից հետո լուսնկարները ներկայացնել նաեւ Դուբայում, Ֆրանսիայում ու Միացյալ Նահանգներում: Ցանկանում է, որ զբոսաշրջիկները Արարտին նայելուց, Հայոց Ցեղասպանության թանգարան այցելելուց եւ ծիրանը ճաշակելուց բացի Հայաստանում գան նաեւ խաչքարեր տեսնելու համար:

«Խաչքարերը եւս անցել են ցեղասպանության ճանապարհ: Դրանք ոչնչացվել են Ադրբեջանում, ավելի վաղ՝ Թուրքիայում: Խաչքարը պետք է բանտարկված չմնա, այլ դուրս գա Հայաստանի սահմաններից: Այն պետք է ներկայացվի սոցցանցերում, գրքերում, հեռուստատեսությամբ, դպրոցներում»,- ասում է Ռամի Իսսեռը:

«Մի խաչքարի պատմություն» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը կբացվի հուլիսի 24-ին Նկարիչների միությունում եւ կգործի մինչեւ հուլիսի 25-ը՝ ժամը 16-ը: Հարցին, թե բարեգործական ի՞նչ նպատակի է ուղղելու հասույթը, հորդանանացի լուսանկարիչը լռում է. իրենց մոտ ընդունված չէ բարեգործության մասին խոսել: Միայն վայրն է նշում՝ Գյումրի:

Scroll Up