«Հիկարի» կենտրոնի և հայ երեխաների խաղաղության ուղերձը ուղևորվելու է Ճապոնիա

Յոթամյա Շահանե Շահսուվարյանը  թղթից պատրաստել է լապտեր՝ վրան նկարել Մասիսն ու Սիսը, Նոյան տապանը, այլ փորքրիկ լապտերիկներ: Շահանեի համար Մասիսին աշխարհի ամենալավ սարն է: Նա այս  լապտերի ու պատկերի միջոցով ցանկանում է այդ մասին նաև ճապոնացի երեխաներին փոխանցել, միաժամանակ  իր յուրօրինակ խաղաղության կոչ անում աշխարհին: Նրա պատրաստած լապտերը ևս 70 լապտերի հետ ուղարկվելու է Ճապոնիա՝ միանալու հազարավոր այլ լապտերի, որոնք բոլոր միասին բաց են թողնվելու ջրի վրա՝  ի նշան խաղաղության:

Շահանեի պատրաստած լապտերը ներկայացված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված  «Ես խաղաղություն կգրեմ թևերիդ և դու կթռչես աշխարհով մեկ» խորագրով միջոցառմանը:  Սկսած 2005 թ.-ից Հայ-Ճապոնական գիտակրթամշակութային  «Հիկարի» կենտրոնը ձեռնարկել և իրականացնում է «Խաղաղության լապտերներ» խորագրով ծրագիրը, որը 2008 թ.-ից վերածվել է միջազգայինի:  Արդեն 12-րդ տարին է, որ հայ երեխաների ձեռքերով նկարազարդված բազմաթիվ լապտերներ ուղևորվում են Ճապոնիա՝ օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծման անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու: Ամեն տարի նկարազարդման աշխատանքների ավարտին «Հիկարի» կենտրոնը լապտերների հրաժեշտի միջոցառում է իրականացնում՝ կարևորելով և երեխաների ջանքներն ու մասնակցությունը, և աշխարհում խաղաղության գործի պահպանմանն ուղղված նրանց ազնիվ մղումները:

Նշենք, որ եթե հայերը հանգուցյալների հիշատակը հարգում են` գերեզման գնալով, խունկ ծխելով, մոմ վառելով, ճապոնացիները լապտերներ են գնում, վրան գրում են հանգուցյալի հետ կապված ինչ-որ հիշողություն կամ այն, ինչ կուզենային ասել այդ մարդուն: Վառվող լապտերը դնում են գետի վրա:

«Հիկարի» կենտրոնի սաներից 16-ամյա Մհեր Մարտիրոսյանը   լապտերի վրա պատկեր է աղավնի, նուռ, խաղաղության տարբերանշան:

«Ուզում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի: Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել ու չի բերելու»,- Panorama.am-ին ասաց Մհերը:

«Հիկարի» հայ-ճապոնական մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր լապտերի հետ ուղարկում են իրենց հույզերը, ցանկությունները, երազանքները:

«Բոլորիս ամենամեծ ցանկությունն է՝ խաղաղություն թևածի ողջ աշխարհում: Ցավալի է, որ աշխարհում կան հարցեր, որոնք լուծելու համար դիմում են զենքի, իսկ 1945 թվականին ատոմային ռումբ օգտագործեցին: Մինչև հիմա կան մարդիկ, ովքեր դրա հետևանքով տառապում են հիվանդությամբ, մահանում»,- ասաց նա:

Ցուցահանդեսին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին նշեց, որ բարձր է գնահատում հայ երեխաների՝ լապտեր նկարազարդելու և Հիրոշիմա ուղարկելու նախաձեռնությունը. «Մեծ պատիվ է Ճապոնիայի համար, որ  Հայաստանը, հատկապես՝ հայ երեխաները հարգում են ճապոնացի ժողովրդի վիշտը, միացել են  խաղաղության ուղերձը համայն աշխարհին ուղարկելու շարժմանը»:

Լապտերները  Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը իր հետ տանելու է Ճապոնիա: Նա իր խոսքում նշեց, որ Ճապոնիայում այնքան էլ շատ բան չգիտեն հեռավոր ու փոքրիկ Հայաստանի մասին, սակայն այս տարիների ընթացքում լապտերների օգնությամբ, որոնք  պատրաստում, նկարազարդվում և ուղարկվում են Ճապոնիա, նպաստում է, որ ճապոնացիաները բացահայտեն Հայաստանը:

Լապտեր1Լապտեր2 Լապտեր3 Լապտեր4

Scroll Up