Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վաստակել է միջազգային ճանաչում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ բազմաստիճան քաղաքականություն է մշակվել: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Լենտա.ռու»–ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով սկսել են մունիցիպալ ու տարածաշրջանային մակարդակներից, որից հետո մտադիր են անցնել համապետականին: «Եվ այդ հարթությունում մենք արդեն նկատելի հաջողություններ ունենք: Այսպես, մեր պետությունը համապատասխան հռչակագրերով ճանաչելուն կողմ են արտահայտվել Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Քալիֆորինիա, Ջորջիա, Հավայի ամերիկյան նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Բասկերի երկիրը (Իսպանիայի հյուսիսում ինքնավար համայնք- «Լենտա, ռու»), նաեւ մի շարք առանձին խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Լոս Անջելեսը: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործունեությունը այս ուղղությամբ, ու հույս ունեմ, որ դեռ տարբեր պետությունների բազմաթիվ տարածքային վարչական միավորներ կճանաչեն մեր անկախությունը: Անկասկած, առանձնահատուկ շեշտադրությունը կանենք առանձին պետությունների կողմից ճանաչման վրա: Ավելին՝ համարում ենք, որ դա միայն ժամանակի ու քրտնաջան աշխատանքի հարց է: ԼՂՀ-ն իրոք վաստակել է միջազգային ճանաչում: Մենք մոտ քառորդ դար կառուցում ենք ժողովրդվարական պետություն, որը սպառնալիք չի ներկայացնում միջազգային համայնքին կամ որեւէ առանձին երկրի»,- նշել է Բակո Սահակյանը:

Պատասխանելով Ռուսաստանի դերակատարման մասին հարցին, ԼՂՀ նախագահը նշել է, որ ՌԴ-ն հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող միջազգային պաշտոնական կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է: Ռուսաստանը ու երկու մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, միշտ զբաղեցրել են կառուցողական ու անկողմնակալ դիրքորոշում, արել են ու անում են հնարավոր ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու ու հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում այդ երկրներից յուրաքանչյուրի ավանդը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ փոխհարաբերություններին, ապա դրանք շատ կարեւոր են մեզ համար: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք պատմական, մշակութային ու տնտեսական կապերով: Ռուսաստանում է ապրում հայկական սփյուռքի ամենամեծաքանակ սեգմենտը: Այս ամենը լավ հեռանկարներ է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար: Ուզում եմ նշել, որ մեր պետության չճանաչված լինելու պատճառով Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները զարգանում են հիմնականում հումանիտար, գիտակրթական, մշակութային ուղղություններով, նաեւ մասնավոր ձեռններեցության ոլորտում՝ հայկական սփյուռքի ուժերով»,- հայտնել է Բակո Սահակյանը:

«Մենք ուշադիր հետեւում ենք աշխարհի տարբեր անկյուններում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացներին: Անկախություն են ձեռք բերել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Կոսովոն, Հարավային Սուդանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, իրենց ինքնորոշման իրավուքից օգտվել են Քվեբեկը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ղրիմը: Բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայի ժողովուրդն էլ ինքնորոշվեց ԵՄ-ում իր ապագայի հարցում: Այդ օրինակներից յուրաքանչյուրը՝ անկախ արդյունքներից, կարեւոր քաղաքական իրավական նախադեպ է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի գործնական իրականացման առումով: Պաշտոնական Ստեփանակերտը նպատակաուղված աշխատանք է իրականացնում Արցախի հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ: Վերջին մի քանի տարիներին այդ գործընթացը առավել ակտիվ է դարձել»,- ամփոփել է ԼՂՀ նախագահը:

Scroll Up