«Երիտասարդական հավաքը փայլուն մտածված գաղափար էր». «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/239-300x225.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակից Հովհաննես Գևորգյանի ծննդավայրը Գյումրին է: Ավարտելով Գյումրիի թիվ 19 ռուսական թեքումով դպրոցը՝ Հովհաննեսը մեկնել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արդեն երկրորդ կուրս է փոխադրվել:
Համալսարանում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար Հովհաննեսին ուսանողական հատուկ ծրագրով հնարավորություն է ընձեռվել մեկ տարի սովորելու նաև Իսպանիայի Սերվանտեսի համալսարանում:
«Մոսկվայի համալսարանում փոքրիկ համայնք ենք ստեղծել (շուրջ 700 հոգի), որտեղ տարբեր ծրագրերի միջոցով օտարազգիների շրջանակում հայկական մշակույթն ենք տարածում: Ի դեպ, այդ համայնքի ղեկավարն եմ հանդիսանում:
Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ համայնքը հուշ-միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում ոգեկոչեցինք թշնամու դավադիր գնդակից զոհված հայորդիների հիշատակը, ինչպես նաև՝ դրամահավաք կազմակերպեցինք՝ ուղղարկելով Արցախի ֆոնդին»,-«Հայերն այսօրին» տեղեկացրեց Հովհաննես Գևորգյանը:
Հովհաննեսն իր կարծիքն արտահայտեց նաև հունիսի 11-17-ը կայացած երիտասարդական հավաքի մասին. «Հավաքը փայլուն մտածված գաղափար էր, որը, կարծում եմ, մեծ ճանապարհ կունենա և կհարատևի: Նման նախաձեռնությունները մեր սերնդին հնարավորություն են տալիս զբաղվելու համահայկական խնդիրների կարգավորմամբ:
Բոլորս պետք է մեր հնարավորությունների սահմանում օգնենք Արցախին և Հայաստանին՝ նպաստելով երկու պետությունների հզորացմանը»:
Գևորգ Չիչյան