Նիսում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, պատարագին մասնակցել են նաև Երուսաղեմի սուրբ Ղազարի հոսպիտալիերների միաբանության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Պիկապիետրան, Նիսի և շրջակա տարածքների Հայ Առաքելական եկեղեցու ծխի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը, Լոնդոնի սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցու հովիվ հայր Շնորհք Բաղդասարյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլք:
Պատարագին մասնակցել է նաև ահաբեկչության ընթացքում հրաշքով փրկված 10-ամյա մի տղա, ով եկեղեցու երգչախմբի անդամ է:
Պատարագից հետո հավատացյալները արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ շարժվել են Պրոմենադ դեզ Անգլեզ (անգլիական ճեմուղի), որտեղ և տեղի է ունեցել ահաբեկչությունը և աղոթել զոհվածների հոգիների համար:
«Մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու զոհերին և վկայելու մեր համերաշխության, սրտակցության մասին, կիսելու Նիսի բնակիչների ցավը: Հիշելը հավատի և դիմադրության քայլ է, քանզի դրանով ենք պահպանում կյանքի նկատմամբ հույսը»,- դիմելով հավաքվածներին՝ ասել է Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա ահաբեկիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: