Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ

Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր կատարել՝ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին հրավիրելով ԵԱՀԿ Խոհրդարանական վեհաժողով՝ ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները քննարկելու համար:

Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին:

-Հնչում են կանխատեսումներ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան կարող է կրկնվել: Ի՞նչ է պետք ձեռնարկել լարվածության նոր ալիքը կանխելու համար

Այո, մենք բոլորս շատ անհանգստացած ենք հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ: Սա այսպես կոչված սառեցված հակամարտություն է, բայց նման հակամարտությունները ցավոք երբեմն թեժ են դառնում: Երկու կողմում էլ մարդիկ են զոհվում ու առանց միջազգային մշտադիտարկման անհնար է ասել, թե ով է պատասխանատու սպանությունների համար: Մեր դիրքորոշոմը հետեւյալն է՝ երկու երկրները,երկու ժողովուրդները, երկու նախագահները՝ Հայաստանի ու Ադրբեջանի, պետք է հանդիպեն ու փորձեն միասին նոր երկխոսության հանգել, որպեսզի կարողանան դուրս գալ այս փակուղուց: Շատ դրական քայլ էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Դա կարող է լինել նոր դարաշրջանի սկիզբը, բայց ո՛չ Պուտինը, ո՛չ Շվեյցարիայի ժողովուրդը, ոչ էլ որեւէ այլ միջնորդ չեն կարող այդ հարցը մենակ լուծել: Ժողովուրդների կամքն է անհրաժեշտ, որպեսզի նմանատիպ իրավիճակը բացառվի ու որպեսզի այս հարցը չնմանվի պաղեստինյանն հակամարտությանը, որը կարող է մեկ դար տեւել: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում շվեյցարական պատվիրակության առաջարկը հետեւյալն է՝ մենք պատրաստ ենք կատարել միջնորդի դերը, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին հրավիրելով Շվեյցարիա՝ ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները քննարկելու: Մենք կարող ենք նաեւ ներառել վրացական պատվիրակությանը: Շվեյցարիան կարող է միջնորդի դեր կատարել, բայց մտադիր չէ խաղաղություն պարտադրել:

-Դուք Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողակա՞ն եք համարում՝ հաշվի առնելով, որ նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ագամ հրաժարվեց նպաստել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Իհարկե, շփման գծում միջադեպերի հետաքննման մեխաննիզմների ներդրման անհրաժեշտություն կա, բայց մեր կարծիքով դա չէ հիմա առաջնայինը, կարեւոր հարցն այն է՝ արդյոք նախագահները պատրաստ են քննարկումները սկսելուն: Արդյոք հասարակությունը պատրաստ է աջակցել նրանց խաղաղ գործընթացում: Եթե այո՝ ուրեմն կարելի է մշակել դրական մոտեցում, առանց նախապայմանների: Մենք պետք է սկսենք քննարկում պարզ պատճառով՝ մարդիկ ճգնաժամի հետեւանքով վճարում են որոշակի գին, ու մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց հայրենիքում խաղաղ ապրել, չեն կարող զարգանալ տնտեսապես: Երկու երկրների քաղաքական գործիչների խնդիրն է պայմաններ ստեղծել մարդկանց տառապանքները դադարեցնելու համար, որպեսզի նրանք կարողանան ապագային նայել նոր աչքերով:

-Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին՝ ապրիլյան էսկալացիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել ԼՂՀ խաղաղ բնակչության վրա, նրանք սպանել ու կտրել էին տարեց մարդկանց ականջները, մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել, որոնք «Իսլամական պետությանն» են բնորոշ:

Ցանկացած բռնություն միշտ պետք է դատապարտվի, բայց իրավիճակի մասին հստակ պատկերացում կարելի է կազմել միայն միջազգային մշտադիտարկման կամ միջազգային անկողմնակալ կազմակերպությունների կողմից փաստերի հայտնաբերմանն ուղղված առաքելության առկայության դեպքում: Բայց առայժմ դա անհնար է ու անհնար է պարզել թե ինչ է կատարվել: Ես երկու երկրներին էլ կոչ կանեի ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կառույցների միջազգաին առաքելություններ հրավիրել փաստեր հավաքելու համար, որպեսզի պարզվի, թե իրականում ինչ է կատարվել: Դա բացարձակ անհրաժեշտություն է, քանի որ մենք չենք կարող վստահել մեկ կամ մյուս կողմին, մենք պետք է ամեն ինչ ինքներս ստուգենք ու հաստատենք:

Scroll Up