«Հավաքը կառուցողական մթնոլորտում անցավ». «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի մասնակից

Տիգրան Օհանյանը հուլիսի 11-14-ը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին:
Տիգրանն ապրում է Լեհաստանում, բարձրագույն կրթությունը ստանում է Վարշավայի համալսարանում`սովորելով Լրագրության և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնի 2-րդ կուրսում, դոկտորանտ է:
«Երիտասարդական հավաքի կազմակերպումը հետաքրքիր և ողջունելի գաղափար է: Սփյուռքահայ երիտասարդների համախմբումը Հայաստանում շատ կարևոր է, քանի որ օտարության մեջ ապրող հայերը, այդ թվում նաև ես, մասնակցելով նմանօրինակ նախաձեռնությունների, կարողանում ենք հետագայում նպաստել համահայկական շահերի և հայ ժողովրդի պաշտպանության հարցերի կարգավորմանը:
Հավաքը կառուցողական մթնոլորտում անցավ: Հուսանք` հաջորդ տարիներին այն ավելի կկատարելագործվի և աշխարհագրական նոր դիրքեր կներառի իր մեջ»,-«Հայերն այսօրին»,- իր կարծիքը հայտնեց Տիգրան Օհանյանը:
Գևորգ Չիչյան