Էրդողանին ծաղրած Ջոնսոնը Բրիտանիայի նոր ԱԳ նախարարն է
Իր տարօրինակ պահվածքով հայտնի Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, գրում է Mediamax.am-ը:
Աշխարհի լրատվամիջոցները ակտիվորեն մեկնաբանում են Ջոնսոնի նշանակումը՝ վերհիշելով նրա արարքները եւ արտահայտությունները տարբեր քաղաքական գործիչների հասցեին: CNN-ը, մասնավորապես, հիշեցնում է, որ ժամանակին, արտահայտվելով Հիլարի Քլինթոնի արտաքինի մասին, Բորիս Ջոնսոնն ասել էր, որ նա «հոգեբուժարանում աշխատող սադիստ դայակի տեսք ունի»:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. մայիսին Բորիս Ջոնսոնը հաղթել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին անպարկեշտ բանաստեղծության մրցույթում, որը հայտարարվել էր անգլիական The Spectator պարբերականի կողմից:
Բորիս Ջոնսոնն իր «բանաստեղծության» մեջ գրել էր.
There was a young fellow from Ankara
Who was a terrific wankerer
Till he sowed his wild oats
With the help of a goat
But he didn’t even stop to thankera.
Քանի որ դժվար է ներկայացնել բանաստեղծության գրական թարգմանությունը՝ վերջինիս յուրահատուկ բովանդակության պատճառով, նշենք միայն, որ հեղինակի մտահղացման համաձայն, հերոսը սեռական կապի մեջ է մտնում է այծի հետ:
The Spectator-ի հեղինակ Դագլաս Մուրեյը մրցույթը հայտարարել էր ապրիլի 18-ին, երբ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է, որ Թուրքիայի նախագահի մասին երգիծական հեռուստահաղորդման հեղինակը պետք է կանգնի դատարանի առջեւ:
Բորիս Ջոնսոնին հռչակելով մրցույթի հաղթող, Դագլաս Մուրեյը գրել էր.
«Էրդողանը կարող է բանտարկել իր ընդդիմախոսներին Թուրքիայում: Անգելա Մերկելը կարող է բանտարկել Էրդողանի ընդդիմախոսներին Գերմանիայում: Բայց Բրիտանիայում մենք դեռ ապրում եւ շնչում ենք ազատ մարդկանց պես: Մեզ պետք չեն օտարերկրյա տիրակալներ, որոնք պետք է մեզ ասեն, թե ինչ մտածենք կամ խոսենք»:
Նա հույս էր հայտնել, որ Բորիս Ջոնսոնը իր մրցանակը՝ 1 000 ֆունտ ստերլինգը, կնվիրաբերի որեւէ բարեգործական հիմնադրամի: