Սերժ Սարգսյան. Գերմանիան Թուրքիային ասաց՝ արա այնպես, ինչպես արել եմ ես, եւ դու դրանից չես տուժի (տեսանյութ)

Կարծում եմ՝ գալու է ժամանակ, երբ թուրքերը շատ հանգիստ են արձագանքելու ցեղասպանության ճանաչման փաստին, նկատի ունեմ Թուրքիայի իշխանություններին:
Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նկատել է, որ 5-7-10 տարի առաջ Թուրքիայում բոլորովին այլ կերպ էին արձագանքները, հիմա բոլորովին այլ են: «10 տարի առաջ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում ապրիլի 24-ին, թուրքերը կարող են դուրս գալ փողոց եւ համերաշխություն հայտնել հայերին, հիմա կան այդ փաստերը: Ասածս այն է, որ գալու է ժամանակը, երբ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանության փաստը»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, նշելով, որ Գերմանիայի օրինակը շատ ազդեցիկ է: «Նա (Գերմանիան-խմբ) փաստորեն Թուրքիային ասաց՝ արա այնպես, ինչպես արել եմ ես, եւ դու դրանից չես տուժի: Գերմանացիները ճանաչելով Հոլոքոստը, դրանից չեն տուժել: Նրանք շատ սթափ նայել են պատմությանը, առերեսվել են իրենց պատմության հետ եւ հաղթող են դուրս եկել, նրանց վրա իրենց պատմությունը ճնշում չի գործադրում, իսկ հիմա թուրքերն իրենց պատմության ճնշման տակ են: Բոլոր ժողովուրդներն էլ գնահատում են իրենց պատմությունը, բայց լինում են առաջնորդներ, իշխանություններ, որոնք իրենց ժողովրդին տանում են սխալ ճանապարհով: Եվ, ի վերջո, երբ տվյալ ժողովրդի կողմից իրականությունը գնահատվում է սթափ ու օբյեկտիվ, այդ ճնշումը վերանում է: Իսկ հիմա թուրքերն ի՞նչ են ասում, ասում են՝ թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործելու: Բայց մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք այն ժամանակվա իշխանություններին, որոնք ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նրանց, որոնք ժխտում են ցեղասպանությունը: Որեւէ մեկն ինձնից թթու խոսք չի լսել թուրք ժողովրդի հասցեին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Ցեղասպանությունը ճանաչելը քրիստոնեական երանգ չունի, այն ճանաչել են ոչ միայն քրիստոնեությունը դավանող մարդիկ կամ պետություններ. «Այստեղ խոսքն ավելի ճիշտ ոչ թե քրիստոնյայի, այլ հումանիստի մասին է, ով դատապարտում է մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը: Որոշ հարցերում մեր հարեւանները փորձում են այդ խնդիրներին կրոնական երանգ հաղորդել կախված լսարանից: Ես չեմ կարծում, որ Օսմանյան Կայսրությունում տուժել են միայն քրիստոնյաները կամ միայն հայերը»: