Հայաստանում կայացավ հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/120-300x225.jpg)
Հուլիսի 8-ին լեփ-լեցուն էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճը: Հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մասնավորապես երեխաներ`մասնակցելու հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի պաշտոնական բացմանը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն,ով կարևորեց հավաքույթը`նշելով,որ նմանատիպ միջոցառումները հարկավոր է շուտ-շուտ կազմակերպել`ամրապնդելու համար երկու երկրների դարավոր մշակութային,հասարակական ու քաղաքական կապերը:
Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը,Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն դեսպանի մշակույթի գծով խորհրդական Մաջիդ Մեշքին, Հայաստանի Հանրապետության Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Իրանի Մանուկ և խաղաղություն ինստիտուտի տնօրեն Սեյեդ Հեջազին և այլք:Միջոցառումն ավարտվեց հայ ու իրանցի երեխաների ելույթներով,ովքեր աչքի ընկան ինչպես ժողովրդական գործիքների կատարմամբ,այնպես էլ ասմունքով:Փառատոնի շրջանակում Իրանից Հայաստան են ժամանել 25 իրանցի երեխաներ, գրադարանում իրենց հասակակիցների հետ վարպետության դասեր և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:
Ծրագրի շրջանակում Ծաղկաձորում և Երևանում հուլիսի 7-12-ը 10 -15 տարեկան 25 իրանցի և 25 հայ երեխաներ իրենց հմտությունները կներկայացնեն ու կհամագործակցեն արվեստի տարբեր լսարաններում՝ նկարչության, թատերական և տիկնիկային արվեստի, ասմունքի, երգի, օրիգամիի և այլն. կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, կծանոթանան երկրի պատմամշակութային ժառանգությանը: Նույն փառատոնի շրջանակում փորձի փոխանակման նպատակով նախորդ տարի Հայաստանից Իրան էր մեկնել 40 հայ երեխա: Փառատոնն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը և Իրանի Մանուկ և խաղաղություն ինստիտուտը:
Այսպիսով,հուսանք,որ նմանատիպ փառատոները կլինեն շարունակելի`սերտացնելու երկու երկրների դարավոր կապերն ու մշակութային հարաբերությունները:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները`Սիրարփի Կարապետյանի