Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են Ղարաբաղի հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետեւողական աջակցության եւ կարեւոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է Նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: ՀՀ Նախագահը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել Նախագահ Օլանդին նաեւ անձնական ջանքերի հետեւողական ներդրման համար։ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

Scroll Up