Չինացի կոմպոզիտորը հատուկ հայաստանյան համերգի համար գրել է ստեղծագործություններ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 9-ին կայանալու է հայ-չինական ժամանակակից երաժշտության համերգ, որի ընթացքում հնչելու են  չինացի, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:  Հնչելու է նաև չինացի կոմպոզիտորի (ներկա է լինելու)՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործություններ, որոնք կատարելու են Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը, մենակատարներ,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Կոմպոզիտորների միության աշխատակազմի ղեկավար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանը:

Նա ասաց, որ համերգը կայանալու է Հայաստանի կոմպոզիտորների միության «Համագործակցություն» նախագծի  շրջանակում: ՀԿՄ-ն այս նախագիծն արդեն երեք տարի իրականացնում է:

«Ծրագրի նպատակն է  համագործակցության  միջոցով ընդլայնել մեր մշակութային կապերը տարբեր երկրների ստեղծագործական միությունների հետ, որը կնպաստի ոչ միայն հայ երաժշտության պրոպագանդմանը, այլ նաև մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու այլ երկրների մշակույթի  հետ: Մեր թիրախը ժամանակակից կոմպոզիտորական արվեստն է»,-  ասաց Ս.Ալեքսանյանը՝ հավելելով, որ արդեն համագործակցել են Ռուսաստանի, Վրաստանի կոմպոզիտորների միությունների հետ, մոտ ապագայում սպասվում է հայ կոմպոզիտորների պատասխան այց Վրաստան:

Խոսելով կոնկրետ հայ-չինական համագործակցոթյան մասին, նա ասաց, որ երկուամյա աշխատանքը տվեց իր արդյունքը, և այսօր հնարավորություն ունեն կազմակերպելու այս համերգը: Նա  նշեց, որ իրենց մեծապես աջացել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը:

Այսօր երեկոյան Հայաստան են այցելելու ՉԺՀ-ի երաժշտական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ Հան Քսինյանը և նրա երկու կոլեգաները:

Ս.Ալեքսանյանը տեղեկացրեց, որ համերգին տենոր Պերճ Քարազյանի կատարմամբ  հնչելու է  չինական երկու ժողովրդական երգ:

ՀԿՄ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ ակնկալվում է նաև փոխադարձ այց, սակայն դեռ պետք է քննարկվի:

Scroll Up