Ապրիլյան քառօրյա պատերազմ տեսած Մարտակերտում մեկնարկել է ամառային զորակոչը
Ապրիլյան քառօրյա պատերազմ տեսած Մարտակերտում հուլիսի 4-ին մեկնարկեց ամառային զորակոչը: Այս մասին Հայերն այսօրը տեղեկանում է Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթի Ֆեյսբուքյան էջից:
Այդ օրը Մարտակերտի զինկոմիսարիատում էին հավաքվել 18 տարին լրացած մեր շրջանի պատանիները՝ իրենց ծնողների եւ հարազատների հետ, որոնց աչքերում ե՛ւ հպարտություն կար, ե՛ւ հուզմունք: Նրանք եկել էին ճանապարհելու, անփորձանք ու բարի ծառայություն մաղթելու իրենց զավակներին, ովքեր վաղվանից արդեն զինվոր են դառնալու: Այդ օրը մեր զինվորագրված պատանիներին բարի ծառայություն մաղթեց Մարտակերտ քաղաքի բնակիչ, Արցախյան պատերազմում զոհված երկու որդիներ հայր Ռաֆիկ Բաբայանը:
Զինկոմիսարիատում պատանիներին ճանապարհեցին երաժշտությամբ:
Ձեզ անփորձանք ու բարի ծառայություն, մեր նորակոչիկ զինվորներ, թող Աստծո աջը ձեզ միշտ հովանի լինի, իմացեք, համալրելով մեր բանակի շարքերը, այսուհետ դառնալու են մեր անվտանգության, խաղաղ ապրելու գլխավոր երաշխավորը, եւ ձեզանից է կախված լինելու թե մեր, թե մեր հայրենիքի ապագան: Իսկ դուք պետք է լավ սերտելով անցյալի դասերը, ոգեւորվելով թե Արցախյան պատերազմի, թե ապրիլյան քառօրյայի մեր հերոսների սխրանքներով՝ անփորձանք, լավ, պատվով ծառայեք ու վերադառնաք ձեր տները: