Արգենտինական երաժշտության երեկո Երևանում

Հայտնի ակորդեոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի նշանավոր կատարող Ռաուլ Բարբոզան հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, մեկ համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգային հագեցած ու ինքնատիպ ծրագիրը կներկայացնի իր տրիոյի հետ միասին՝ բաս կիթառահար Դանիել Դիազ և կիթառահար Նորբերտո Պեդրեյրա: Երեկոն նվիրվում է Արգենտինայի անկախության 200-ամյակին:
Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանհետ համագործակցությամբ: Համերգի գլխավոր հովանավոր՝ Կոնվերս բանկ:
Ռաուլ Բարբոզա` ակորդեոնահար, արգենտինյան չամամե երաժշտական ժանրի նշանավոր կատարողներից: Չամամե երաժշտության մի շարք կատարողների մեջ հենց Ռաուլ Բարբոզան էր, որը թե՛ երաժշտական առումով, թե՛ աշխարհագրորեն ավելի հեռուն տարավ արգենտինական Լիտորալ շրջանին բնորոշ երաժշտական այս ժանրը: Ակորդեոն նվագելու եզակի տեխնիկային տիրապետելուց զատ` Բարբոզան գրեթե 20 տարի հանդես է գալիս նաև որպես կոմպոզիտոր:
Ծնվել է 1938թ-ին Բուենոս Այրեսում: Նրա հայրը`Ռաֆայել Բարբոզան, գուարանի ծագմամբ երաժիշտ էր: Երբ Ռաուլը յոթ տարեկան էր, հայրը նրան ակորդեոն է նվիրում: Ռաուլիտոն, ինչպես նրան անվանում էին այդ ժամանակ, արագորեն հմտանում է գործիքը նվագելու մեջ`դրա հետ միասին սովորելով նաև գուարանիներին բնորոշ չամամե գյուղական երաժշտությունը:
1964թ. Բարբոզան ձայնագրում է իր առաջին սկավառակը: Նա գործունեություն է ծավալում նաև Բրազիլիայում, 70-ականներին մեկնում է համերգային շրջագայության Խորհրդային Միություն, իսկ ավելի ուշ`Ճապոնիա:
Հիսուն տարեկան հասակում, երբ շատերը որոշում կկայացնեին հանգիստ վերցնել, Բարբոզան որոշում է կարիերան շարունակել Փարիզում եւ հենց այնտեղ էլ հասցնում է ձայնագրել իր «Charles Cross» սկավառակը: 2009-ին ձայնագրում է իր «Ձմեռը Փարիզում» ձայնասկավառակը` կիթառահար Հորասիո Կաստիլյոյի հետ միասին:
Չամամե երաժշտւթյան մասին Բարբոզան իր հարցազրույցներից մեկում նշում է, որ «չամամեն կիսառիթմիկ երաժշտություն է, որն աջ ձեռքում նվագում են երկմաս տեմպում, իսկ ձախ ձեռքում` եռամաս տեմպում: Հենց սա է, որ բարդացնում է այս երաժշտությունը, եւ նրանք, ովքեր տանգո են նվագում, մեծ դժվարությամբ են նվագում չամամե»` ավելացնելով, որ Փարիզում համերգներ տալուց զատ` նա նաև սովորեցնում էր չամամեի արվեստը, որովհետև մարդիկ, որոնք սկսել են չամամե նվագել լսողությամբ, ինչպես հենց ինքը, երբեք չեն պատկերացրել` որքան բարդ այն կարող է լինել, եւ հավելում` «չամամե սովորեցելու համար պետք է կարողանալ երաժշտություն գրել»: