Հայաստանի վերաբերյալ դասախոսություն «Բեռլինյան արվեստի սրահում»

Հուլիսի 4-ին «Բեռլինյան արվեստի սրահում» Հայաստանի վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի հնագույն պատմությունը, մշակույթը, երկրի արդի քաղաքական, տնտեսական զարգացումներն ու մարտահրավերները: Ելույթում հանգամանալից անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մի շարք հարցերի: Դասախոսության ավարտին դեսպան Սմբատյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Եվրոպական արժեհամակարգում Հայաստանի դերի և ընդհանրությունների մասին հակիրճ ելույթով հանդես եկավ լրագրող Իրինա Ղուլինյան-Գերցը:

Դասախոսությանը հետևած մշակութային հատվածում ներկայացվեցին բեռլինահայ լուսանկարչուհի Ռոզե Այզենի աշխատանքները, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունները գերմանացի դուդուկահար Զյորեն Բիրկենի կատարմամբ:

Scroll Up