ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցեր
Երեկ տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախարարներն անդրադարձել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Նույն աղբյուրի համաձայն, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսսովին, ով Երևան է ժամանել` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Ողջունելով իր ղազախ պաշտոնակցին` նախարար Նալբանդյանը շնորհավորել է Ղազախստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` նախարար Իդրիսսովն իր հերթին նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով: Ղազախստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններին իր երկրի թեկնածությունը սատարելու համար։
Զրուցակիցները քննարկել են Ղազախստանի նախագահի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Իդրիսսովն անդրադարձել են ընթացիկ տարի նախատեսված` հայ-ղազախական միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել ենն միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր։