ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Գարեգին Նժդեհի մտավոր, զինվորական և ազգային-քաղաքական գործունեության բնաբանն էր Մովսես Խորենացու խոսքը. «Հեռի ի ստութենէ և լի որ ինչ ընդդէմ ստութեան»: Պատմությանը մոտենալով զորավարի իմաստասիրական չափանիշներով՝ Գարեգին Նժդեհն իր «Խորհրդածություններ պատմության մասին» երկասիրությունում գրել է. «Պատմությո՛ւն – դա անավարտ վեպ չէ, այլ՝ չավարտված ճակատամարտ: Եվ իր էջերը՝ ռազմադաշտե՛ր, որոնք արյունով են ներկում եկող-անցնող սերունդները: Ազգերի կյանքն՝ ըստ էության՝ գոտեմարտ է մահվան հետ: Նրանք – ազգե՛րը միայն այն չափով են կենսունակ ու ստեղծագործ, ինչ չափով վերապրած և իմաստավորած են իրենց անցյալը, իրենց պատմությունը»:

Հայոց պատմության հոգեընկալումով մոտենալով մարդկության պատմությանը՝ Նժդեհը հայրենաշունչ իմաստասիրությամբ սերունդներին պատգամել է. «Պատմագրել՝ նշանակում է կռվի մտնել ժամանակի հետ՝ թույլ չտալու համար, որ նա մարդկային ազգի անցյալն սպանի: ժողովրդի անմահության կոթողն է պատմությունը: Վա՛յ այն ժողովրդին, որի անցյալն իր համար լոկ մի գերեզման է անխոս: Չկա՛ ավելի մեծ ծառայություն՝ իր ժողովրդին, քան պատմագրումը նրա անցյալ կյանքի: Նոր Խորենացիներ, Եղիշեներ թող ճակատագիրը չզլանա մեզ»:

Պատմագիտության լավագույն ավանդույթներին հետևելով՝ քննախույզ հայացքով Նժդեհն արտահայտել է արդիական նշանակություն ունեցող հետևյալ միտքը. «ճշմարիտ պատմագրության դեմ մեղանչում ենք երկու դեպքում. նա՛խ՝ երբ անգիտանալով անցքերը վերլուծող, կապակցող, համադրող և տեսականորեն ընդհանրացնող մտքի դերը՝ նրան հաղորդում ենք վիպական գունավորում, որով այն՝ պատմությունը՛ վերածում ենք մի երկարաշունչ պատմավեպի: Կամ էլ՝ երբ անգիտանալով սրտի դերը, պատմությունը դարձնում ենք պեղումների և հանածոների մի մեռյալ նկարագրություն, այսինքն՝ ցամաքեցնում ենք ժողովրդի ոգեշնչման աղբյուրը, որպիսին պետք է որ լինի պատմությունը»:

Պատմագրի կոչումը սահմանելիս՝ Գարեգին Նժդեհն առաջնային է համարել իմաստասիրելու նրա կարողությունը՝ պատմությունը պատմափիլիսոփայորեն ընկալելու օժտվածությունը. «Նաև իմաստասիրելու կարող – ահա՛ թե որպիսին պիտի լինի պատմագրողը: Իր անունն արդարացնելու համար՝ պատմագրությունը պիտի լինի, միաժամանակ, նաև պատմության փիլիսոփայություն: Անցքերին թափանցել իմաստասիրական վերլուծող մտքով, և նրանց մասին խոսել սրտի լեզվով: Այսպիսի՛ն էր Միշլեն: Մարդկային կյանքի պես՝ պատմությունն էլ ո՛չ լոկ սրտի, ո՛չ էլ միայն մտքի գործ է, – դա սինթեզն է երկուսի»:

Ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեի (Jules Michelet, 1798 – 1874) գրչին են պատկանում «Ֆրանսիայի պատմություն» և «Ֆրանսիական հեղափոխություն» բազմահատոր երկերը։ Պատմական խոհերի հիման վրա բնության և հոգևոր ընկալումների ներդաշնակությանը նվիրված Միշլեի պատմափիլիսոփայական հայացքներն արտացոլվել են նաև իր մի շարք այլ աշխատություններում։

Բարձր գնահատելով Հայոց պատմության իմաստասիրության նշանակությունը՝ Գարեգին Նժդեհը գրել է. «Անցքերն ու անձերին հասկանալու համար բավական չէ միայն տեսությունը, պետք է նաև համազգալ նրանց: Ընդունենք և այն, որ պատմության նշանակությունը ոչ միայն ճանաչողական է, այլև՝ դաստիարակչական, վերանորոգչական: Պակասավոր է այն հայը, ով հայրենի պատմության իմաստասիրությունը, նրա հետագա զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցյալը: Շատ բան խնայված կը լիներ հայության – տառապա՛նք, արյուննե՛ր – եթե հայ մտավորականությունը դեռ անցյալ դարի երկրորդ կեսից երևան եկած լիներ ընդհանրապես պատմության, և ի մասնավորի՝ հայոց պատմության իմաստասիրության լրիվ սպառազինությամբ»:

Նժդեհն ամբողջական պատմության իմաստավորումն է համարել այն հիմքը, որի վրա բարձրանում է հայ անհատը՝ միասնական Հայրենիքի գիտակցմամբ. «Պետք է վերապրել և վերիմաստավորել հայրենի պատմության ողջ հոլովույթը: Պետք է Հայկի հետ ծառանալ Նեբրովթի դեմ, Տիգրանի հետ՝ ընդարձակել Հայաստանը, Արտաշեսի հետ՝ բարեկարգել այն, Բագրատունիների հետ Անին հրաշակերտել և ապա՝ նրա կործանումը ողբալ. ի մի բան՝ պետք է վերապրել մեր պատմության բոլոր բախտորոշ անցքերը – նրա վերելքներն ու անկումները, նրա փառքերն ու տառապանքը, նրա աննկուն ընդվզումներն ու մշակութային հարուստ շինարարությունը: Այսպես՝ մինչ մեր օրերը: Այսպե՛ս են ճշմարտորեն Հայաստանում Հայ սիրտն ու գիտակցությունը: Այսպե՛ս է ստեղծվում համահա՛յը, ամբողջական հայը»:

Գարեգին Նժդեհը, «Իմաստասիրական խոհեր» երկասիրությունում անդրադառնալով ազատությանը ձգտող ոգեղեն ուժին, գրել է. «Ոգի՛ն է գծում մարդու կարողության սահմանները – նրա բարոյական կարողության… Ազատ կարող է լինել հզորազոր ոգու տերը միայն: Հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատությունը: Զգալ, որ հոգի ունես – ահա՛ թե երբ են խոսում, ժպտում ճշմարիտը, բարին, գեղեցիկը: Անհոգի,- ասում է պարզ ժողովուրդը և դրանով անսխալորեն բնութագրում այնպիսիներին, որոնք կարող են իրենց չարագործություններն ու դաժանությունները ներոնականության հասցնել: Հոգու համար՝ երկնքի կապտության հետ մրցող շուշանը բույս չէ՛ միայն. արևի հետ ամեն օր առաջինը համբուրվող լեռը՝ հողեղեն կարկառ, բարձունք չէ՛ միայն: Հոգին – որին մատչելի է ամեն խորք, բարձունք, հորիզոն – հոգին է բանալին տիեզերքի, թարգմանը բնության: Զգա՛լ, որ հոգի ունես – ա՛յս է մարդկայնացնում մեզ, միայն ա՛յս»:

Նժդեհը ոգեղեն կապ տեսնելով անցյալի, ներկայի և ապագայի ազգանվեր գործիչների միջև և որպես բարձրագույն արժեք համարելով Մամիկոնյանների տոհմի հերոսական գործունեությունը, գրել է. «Պատմական գործիչը պատկանում է ո՛չ միայն իր դարաշրջանին, անցյալին, այլ՝ իբրև էություն՝ նաև ապագային: Իբրև զարգացող ոգի նա երևան է գալիս բոլոր եկող-անցնող սերունդների մէջ, որով՝ նա միշտ էլ ժամանակակից է: Պատմական անձը քարեղեն արձան, քարացած էություն չէ, այլ՝ հավերժաշունչ ոգի: Այլ կերպ մոտենալ պատմական անձերին՝ կը նշանակի մեղանչել նրանց ոգու դեմ: Հինգերորդ դարի կրոնաշունչ Մամիկոնյանները մեր օրերում պիտի առաքինանային իբրև քաղաքական հերոսներ»:

Հոգևոր կատարելության ճանապարհը Նժդեհը տեսնում էր անձնազոհաբար բարություն գործելու ճանապարհով. «Դու գործած կլինես գեղեցիկը, եթե հաջողես մտքիդ ուժով հաճախ դեպի վեր, դեպի կեցության կատարները բարձրացնել խոնարհ ճակատները մարդկանց: Իսկ եթե գործել ուզես բարին՝ մի՛ զլանար ամրացնել թևը հանդիպածդ ամեն վիրավոր արծվի: Այսպե՛ս վարվիր թեկուզ մտովի, և դու ծառայած կլինես թե՛ մարդկային ազգին, թե՛ մարդկայնության»:

Առավել խստությամբ խարազանելով ստորությունը, բարոյական տկարությունը, կեղծիքը, մտավոր բռնությունը, երկչոտությունը, ստրկամտությունը և դաժանությունը՝ Նժդեհը գրել է. «Երկու բան չեմ ներում մարդուն՝ իր ստորությունները, որոնցով սնվում է իր բարոյական տկարությունը, ապա՝ իր տկարությունը, որից ծնունդ են առնում իր ստորությունները: Իր խորքի մեջ մոլար է ամեն վարդապետություն, կրոնական թե ընկերային, որը մտավոր կուրություն է պահանջում իր դավանողներից: Այո՛, կեղծ է, հակամարդկային նմանը, որով և՝ մերժելի: Կա բռնության ամենազարհուրելին, անասնացուցիչը ու անարգիչը մարդկային ազգի՝ մտավոր բռնությունը, որը բանավոր էակներին մտածողության մի որոշ ձև և ուղղություն պարտադրելով՝ խեղում է նրանց ոչ միայն մտապես, այլև՝ հոգեպես: Ստորություն, երկչոտություն, դաժանություն – ահա’ եռյակ կրքեր՝ կույր հրեշներ, որոնք ծնվում են իրարից: Երբ մեկը երկչոտ է, նա չի ուշանա հռչակվելու ստորության իր գործերով: Իսկ ստորը անխուսափելիորեն պիտի դաժանանա: Ներոնը՝ երկչոտության, ստորության ու դաժանության այդ հրեշը, քաջություն չունեցավ՝ իր ամենաանարգ վիճակի մեջ իսկ՝ անձնասպան լինել: Դաշույնը՝ ստրուկների ձեռքով՝ վերջ դրեց նրա կյանքին»:

Դաստիարակչական խոր իմաստ է պարունակում դեպի ոգեղեն ազատությունը տանող ճշմարտությամբ ապրելու Նժդեհի միտքը. «Ընկեր ու բարեկամ փնտրի՛ր տառապանքի, ճշմարտության և կատարելության ճամբաների վրա: Ընկերացի՛ր ամեն տառապողի, ճշմարտության հետամտողի հետ, և միայն նմանների առջև բա՛ց էությանդ դռները: Այս ճամփաներից դուրս, սակայն, եղիր և՛ փականք, և՛ բանալի շրջապատիդ համար: Ճշմարտորեն ազատ է նա միայն, ով ազատ է մահվան երկյուղից»:

Մերժելով ձևական օրենքը և գերագույն արժեքները պահպանելու գրավական համարելով Հայրենիքի համար կյանքը զոհաբերելու պատրաստ հոգեպես ազատագրված անհատի ներքին մղումը՝ Նժդեհը գրել է. «Չեմ սիրում միայն ձևական օրենքի կողմից սահմանված պարտականությունները: Ի՞նչ կկորցներ աշխարհն իր հոգևոր գանձերից, եթե նման պարտականությունները մնային անկատար: Ձևական օրենքի հողի վրա, լավագույն դեպքում, աճում են բացասական առաքինություններ միայն, որոնք հերոսական մի հատիկ տող չեն ավելացրել աշխարհի պատմության: Ձևական ո՞ր օրենքն է պահանջում, որ մարդկային անհատը մեռնի իդեալի, սրբության, հայրենիքի համար: Մի’ գողանար – ահա’ ձևական օրենքը, որը մարդը հեգնում է իր գոյության առաջին իսկ օրվանից: Գերագույն արժեքների համար՝ ներքին մղումով, կամովին մեռնում է ո՛չ թե ձևական օրենքի հպատակը, այլ մարդը՝ ներքնապես ազատագրված մարդը»:

Անձնազոհաբար Հայրենիքին ծառայելու գիտակցված պարտականությունը համարելով ազգային խնդիրների լուծման գերագույն սկզբունքը՝ Նժդեհը գրել է. «Ուժերիցդ վեր չէ որևէ պարտականություն – որքան էլ ծանր լինի դա, եթե գտնում ես, որ պարտական ես կատարելու այն: Նվազ զբաղվիր այլոց թերություններով, այլապես պիտի դադարես սեփական թերիներիդ նկատել: Միայն ստոր կրքերից զերծ մարդն է ընդունակ պայծառորեն խորհելու: Ազգային հավաքական երջանկությունը հնարավոր է միայն հաղթահարված – և ոչ՝ սանձված միայն – ԵՍ-ի հայրենիքում… Ամենագետ չէ և՛ գիտությունը – նա էլ վերջին խոսք չունի»:

Անդրադառնալով մարդկային ոգու գոյաբանական ուղիներին՝ Նժդեհը գերագույն որակ է հռչակել հոգեկան արիությունը. «Սրբության բարձունքներից մինչև գոյության գռեհը – ահա՛ ուղիների այն աշխարհը, ուր դեգերում է մարդկային ոգին: Եվ, բևեռանում հաճախ – վսեմանում կամ գռեհկանում: Հենց այդ բևեռացմամբ պիտի բացատրել սուրբի և սինլքորի գոյությունն աշխարհում: Ինձ տրված չէ առանց բարոյական զարհուրանքի դիտել մարդուն իր նվաստության մեջ: Այդ վիճակում տեսնել պիտի չուզեի թշնամուս անգամ: Լավ է դժբախտ, քան նվաստամիտ լինել: Նվաստանալով՝ ենթական խաթարում է իր մարդկային կերպարը, սպանում իր ներքին մարդուն: Անբարոյական է այն ամենը, որ նվազեցնում է մեր հոգեկան արիությունը»:

Հերոսի կերպարի ոգեղեն ընկալմամբ մերժելով եսապաշտության ինքնաոչնչացնող յուրաքանչյուր դրսևորում՝ Նժդեհը գրել է. «Կռիվներում հերոսանալուց ավելի դժվար է կյանքում հերոսավայել կեցվածք ունենալը: Հերո՞ս ես՝ ապա ուրեմն՝ աշխատիր բոլոր պարագաներում արժանի լինել անվանդ: Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկա լինելով հանդերձ, ծերություն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թե կատարում է մի շատ սովորական գործ, և ոչ ավելին… Դերեր կան, որոնք միջակություն չեն վերցնում»:

Վարդան Զորավարին համարելով ազգային ոգու տեր գերագույն հերոսի չափանիշ, Նժդեհը գրել է. «Մեծ պաշտոններն առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի՝ դրված ոսկե պատվանդանի վրա: Զորավա՞ր ես՝ Ավարայրի Վարդա՛ն եղիր: Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը: էապէս միայն դա է գործում պատմության մեջ և պատմության համար: Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ ոգու»:

Հերոսների անմահության գրավականը համարելով նրանց ոգու մարմնավորումը հետագա սերունդների մեջ՝ Գարեգին Նժդեհն ազգի հարատևումը պայմանավորել է նրանց հիշատակի շարունակական ներգործությամբ. «Մեռնում են հերոսները՝ Մանվելները, Մուշեղները, Վարդանները. մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնավորումը գտնելով այլ հայերի մեջ՝ շարունակում է ապրել ու ներգործել: Եվ հենց սրանում է հերոսների անմահությունը…»:

Հայոց հերոսապատումի վկաներն են նախնիների փառքը կրող Արցախյան հաղթանակը կերտած անձնազոհ հերոսները:

Էդուարդ Լ.Դանիելյան

noravank.am

Scroll Up