«Голос Украины»-ի մասնակիցը՝ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված բարեգործական համերգի մասին

«Голос Украины» նախագծի մասնակից, հայտնի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին Հայաստանում է։ Այսօր՝ հունիսին 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիանան պատմել է Մոսկվայում կայացած բարեգործական համերգաշարի մասին , որի ամբողջ հասույթը փոխանցվել է ապրիլին ադրբեջանական սադրիչ գործողությունների հետեւանքով սկսված քառօրյա պատերազմի հերոսներին։
«Համերգաշարից գոյացած հասույթը տրամադրվել է ոչ միայն առաջնագծում կռվող տղաներին, այլև զոհված զինծառայողների ընտանիքներին։ Ընդհանուր նախաձեռնությունը եղել է Մոսկվայում բնակվող հայ երգիչների կողմից։ Նրանցից ոչ մեկը հոնորար չի ստացել, համերգները տեղի են ունեցել մոսկովյան ռեստորաններում ու մասնավոր համերգասրահներում և ունեցել են բացառապես բարեգործական բնույթ»,- ասաց Դիկովսկին։
Այն հարցին, թե կունենա նախագիծը շարունակական բնույթ, Դիկովսկին պատասխանեց.․ «Աստված չանի, եթե պատերազմը շարունակվի՝ այո»։
Ջազային երգչուհին նաև հայտնեց, որ հասունացել է նոր երգով, նոր ասելիքով ներկայանալու պահը։ Շուտով աշխատելու է Իվան Դորնի հետ, որն իրեն երգ է խոստացել։ Հիմա Դիանան զբաղվում է վոկալի դասերով, իսկ սոլո համերգով կներկայանա միայն այն ժամանակ, երբ կամենա տիեզերքը։
Իր խոսքը Դիանա Դիկովսկին եզրափակեց՝ ասելով, որ պատրաստ է համագործակցել հայ կոմպոզիտորների հետ և սպասում է առաջարկների։
Տաթեւեր Լազարյան