Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հռոմի պապի` հայաստանյան այցին ու ելութին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/dddd.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Հռոմի պապի` Հայ առաքելական եկեղեցու հետ ստորագրված համատեղ հռչակագրին, Հայաստանում ունեցած ելույթներին և «ցեղասպանություն» բառի կիրառմանը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ սրբազան քահանայապետի գործողությունները որակվել են իբրև կրոնական գործոնով պայմանավորված «հերթական խտրական վերաբերմունք 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին տառապյալ զոհերի նկատմամբ»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Պապը կախվածություն ունի «իրականության և պատմական փաստերի հետ կապ չունեցող» հայկական տեսակետներից: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի այդ մասին են վկայում Հայաստան կատարած այցի ժամանակ Պապի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը, «1915-ի դեպքերի» վերաբերյալ անհաջող հայտարարություններ անելը, հայկական եկեղեցու հետ ստորագրած համատեղ հռչակագիր ստորագրելը և վերադարձի ճանապարհին «զրպարտանքներով լի» հայտարարություններ անելը:
«Հայաստան կատարած այցի ընթացքում պատմական փաստերի նկատմամբ Պապի որդեգրած կողմնակալ մոտեցումը չի կարող ծածկվել ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու ցանկության մասին իր պնդումներով, ո՛չ փետրվարի 3-ին Վատիկանի արած հայտարարությամբ, որտեղ ընդունվում էր պատմաբանների համատեղ հանձնաժողովի հիմնան անհրաժեշտությունը, ո՛չ էլ ահաբեկչությունը քննադատող հայտարարությունը՝ 1977թ. ASALA-ի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմի սպանության հղումով»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Պապի նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որը խաթարվել է հատկապես ապրիլ ամսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով:
«Այնպես որ Սուրբ աթոռը ներկայացնող մարդկանցից բոլորը սպասում են ապագա սերունդներին խաղաղություն և բարեկամություն ժառանգություն թողնելու ջանքեր և կառուցողական մոտեցում` հիմնված օրենքի նկատմամբ հարգանքի վրա»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության եզրափակիչ մասում: