Մարտակերտցին ցանկանում է կառուցել այնպիսի երկիր, որ հայրենադարձությունն անխուսափելի լինի

Մարտակերտն այսօր նշում է ազատագրման օրը: Այս պահին բնակիչները շտապում են քաղաքի մշակույթի տուն, որտեղ տոնական համերգ է տեղի ունենալու Երեւանից ժամանած երգիչների մասնակցությամբ:Նախաձեռնությունը  Մարտակերտի մեծ բարեկամ Շուշան Պետրոսյանինն է: Իսկ առավոտյան օրը բացվել է  զինվորական շարանցումներով: Շրջանի  եւ հարեւան զորամասի ղեկավարությունը, քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել փառքի հուշակոթողի մոտ, այցելել են 1992-1994 թթ, մարտական գործողությունների զոհերի հիշատակի թանգարան:

Մարտակերտում այսօր ազատագրման տարեդարձը, ինչպես ամեն տարի,  զինվորների տոնական շարանցումով են դիմավորել: Սակայն  մարդիկ խոստովանում են, որ զգացողություններն  ավելի սուր են. հիշողությունները կապված են ոչ թե 23 տարվա վաղեմության դեպքերի հետ, այլ ապրիլին տեղի ունեցածի. 92-ի կրկնությունը թույլ չտվողներն են այսօր քայլում  ու բնակիչներին պատվի առնում Մարտակերտում:

Իլյիչ Բաղրյանը 1992-1993 թվականներին այսօրվա զինվորներից քիչ ավելի տարիքով էր:  Հիշում է եւ հայերնի քաղաքը թողնելը, եւ գրոհը: Այդ ժամանակ արդեն գրոհող գումարտակներից մեկի հրամանատարն էր: Ասում է, որ երիտասարդները աներեւակայելին արեցին ապրիլին, ապացուցեցին, որ  մեր հողերը ամուր պաշտպանված են:

Մարտակերտում անցած տարիներին շատ բան է փոխվել: Մարդիկ պատմում են, որ երբ վերադարձան՝ ավերակներից բացի ոչինչ չգտան: Անհավատալի էր  նոր Մարտակերտ կառուցելը: Բայց կառուցվեց:   Ապրիլին կրկին ավերածություններ տեսան. տասնհինգ տուն ավերվեց ամբողջապես, հարյուրից ավելին տուժեցին: Հիմա վերականգնողական աշխատանքները ավարտվում են՝ ասում է քաղաքապետ Միքայել Գյուրջյանը:

Մարտակերտցիների մի մասը 1992 թվականի բռնագաղթից հետո չվերադարձավ. վերադարձողները, ովքեր անցած տարիներին կրել են ավերակներից հառնող բնակավայրում ապրելու դժվարությունները, իսկ  2016 թվականի ապրիլին  նոր պատերազմի սարսափը, այսօր ամենամեծ երազանքը բոլոր  համաքաղաքացիների վերադարձն են  համարում:

Հետաքրքիրն այն է, որ նրանցից` արցախցու լեզվով ասած` նեղացած` վիրավորված չեն, նույնիսկ պարտքի զգացում ունեն` կառուցել այնպիսի երկիր, որը   հայրենադարձությունը անխուսափելի կդարձնի:

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

 

Scroll Up