ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

ԳԻՐ  ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ  ՕՐՀՆՈՒԹՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սփյուռքի նախարարությունը հնգամյա իր գործունեության արդյունքներն է ամփոփում՝ արձանագրելով անցնող տարիների ընթացքում ձեռք բերած հաջողությունները և նոր հեռանկարներով ու տեսլականով նախապատրաստելով հետագա անելիքները: Նախարարարությունն իր ջանքերն է բերում՝ ի խնդիր Հայրենիք-Սփյուռք կապերի առավել ամրապնդման և մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակների ազգային կյանքի զորացման՝ նրանց սրտերում ու հոգիներում վառ պահելով Հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու ջերմությունը:

Այս առաքելությունը դարեր շարունակ մեր Եկեղեցին իրականացրել է միայնակ՝ Տիրախնամ իր թեմերի հովանու ներքո համախմբելով մեր ժողովրդին և պահպանելով հայրենի ժառանգությամբ: Գոհությու´ն Աստուծո, որ անկախ պետականություն ունենալու երազանքն այսօր իրականություն է, և հայրենի մեր պետությունն իր հնարավորությունների առավելագույնն ի սպաս է դնում ՝ հոգածություն բերելու տարբեր երկրներում բնակություն հաստատած մեր ժողովրդին  և առավել արդյունավոր դարձնելու հայորդյաց կապը հայրենիքի հետ:

Մեր հայցն է առ Ամենազորն Աստված, որ Տերն արգասավորի Սփյուռքի նախարարության գործունեությունը՝ ի նպաստ Հայրենիք-Սփյուռք կապերի զորացման, նորանոր հաջողություններ պարգևի Նախարարության աշխատակիցներին՝ գլխավորությամբ մեծազնիվ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի՝ շնորհելով ամենքին կենաց արևշատություն և ծառայասիրական անսպառ եռանդ ու կորով:

Աղոթում ենք, որ Ամենախնամ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի ՝ խաղաղ ու բարօր օրեր պարգևելով մեր Հայրենիքին ու համայն աշխարհին:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Շնորհը, Սերը և Խաղաղությունը թող լինի ամենքիս հետ: Ամեն:

   Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Scroll Up