Կալիֆորնիայի նահանգապետը 1 մլն դոլար է հատկացրել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգի 2016-2017թթ. բյուջեից 1 մլն դոլար է հատկացրել Գլենդեյլ քաղաքում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նախագծին:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, այս մասին ասել է թանգարանի գործադիր խորհրդի համանախագահ,  արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը:

«Թանգարանի կառուցման աշխատանքների մեկնարկային փուլում Կալիֆորնիա նահանգի կողմից տրամադրված ֆինանսավորումը կարևոր խթան կհանդիսանա թանգարանի կառուցման համար այլ ներդրումներ գրավելու առումով»,-ասել է Տերտերյանը:

Խորհրդի մեկ այլ համանախագահ արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը տվյալ հատկացման համար իր երախտագիտության խոսքն է հղել Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահին ու մի շարք անդամների, ովքեր Հայ-ամերիկյան թանգարանի ֆինանսավորման հարցը ներառել են բյուջեի մասին քննարկումներում:

Թանգարանի գործադիր հանձնաժողովի նախագահ Պերճ Կարապետյանն իր հերթին նշել է, որ նահանգային իշխանությունների կողմից իրականացվել է նշանակալի քայլ Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծն իրականություն դարձնելու համար:

Ըստ Կարապետյանի՝ սա ամենակարևոր առաջին քայլն է, որն իր հետևից այլ խոշոր ներդրումներ կբերի:

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանի շենքն իր մեջ կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: 1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:

Scroll Up