Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ թուրք պատգամավորը հրաժարվել է Թուրքիայում պատվավոր քաղաքացու կոչումից

Թուրքիայի Թոքաթ նահանգի Փազար շրջանի ՏԻՄ մարմինների որոշմամբ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը դեմ քվեարկած միակ պատգամավորին պատվավոր քաղաքացու տիտղոս է շնորհել, գրում է ermenihaber-ը:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 9 անդամից բաղկացած Փազարի շրջանային խորհորդի նիստում որոշում է կայացվել Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատ միություն» կուսակցությունը ներկայացնող  թուրքական ծագմամբ Բեթթինա Քուդլային Փազարի պատվավոր քաղաքացի հռչակել:

Հունիսի 12-ին Քուդլան, արձագանքելով Փազարի շրջանային խորհրդի այս որոշմանը, Twitter-ում գրել է. «Շատ շնորհակալ եմ պատվավոր քաղաքացու տիտղոսի համար: Սակայն, ցավոք, ստիպված եմ տեղեկացնել, որ չեմ կարող ընդունել այս տիտղոսը: Աստված պահպանի Թուրքիայի Հանրապետությունը: Աստված պահպանի Գերմանիան»:

Հայտնի է դարձել նաև, որ նույն նիստի ժամանակ խորհուրդը ծագումով թոքաթցի Ջեմ Օզդեմիրին զրկել է իրենց համերկրացին լինելուց: Օզդեմիրը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահն է և Բունդեսթագում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը հաստատեց խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համատեղ նախապատրաստած բանաձևը, որը ճանաչում և դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով նաև Գերմանիայի մեղքը և մասնակցությունը տեղի ունեցած ողբերգությունում: Բանձևը հաստատվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ. միայն մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել, ևս մեկը (Բեթթինա Քուդլան) դեմ էր քվեարկել բանաձևին:

Scroll Up