Աշխարհի տարբեր վայրերից հայերը ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու Հռոմի Պապի Սուրբ պատարագին

Աշխարհի տարբեր երկրներից հայերը Գյումրի էին ժամանել՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Վարդանանց հրապարակում կայացած հանդիսավոր սուրբ պատարագին։ Վրաստանի Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Ջավախքից ժամանած ուխտավորների հետ նույնպես Վարդանանց հրապարակում էր։ Նրա խոսքով՝ պատարագը առաջին հերթին հոգեւոր մեծ բավականություն էր ներկաների համար։
«Մենք, ինչպես բազմահազար քրիստոնյա հայորդիներ ամբողջ աշխարհից, եկել էինք մասնակցելու համաքրիստոնեական այսպիսի նշանակալի իրադարձությանը։ Բոլորի աղոթքներն էին ուղղված առ Աստված, որպեսզի նա խաղաղ երկնքի տակ պահի Հայաստան աշխարհը, հայ ժողովրդի զավակներին, աղոթքները հայ ժողովրդի բարեկեցության եւ այս դժվարին պահին տարածաշրջանի խաղաղության համար էին։ Նաեւ շատ ուրախալի էր երկու քրիստոնյա եկեղեցիների միության հանգամանքը, քանի որ ներկայումս շատ մարտահրավերներ կան ուղղված ընդհանուր քրիստոնեության դեմ։ Շատ կարեւոր էր, որ ամբողջ աշխարհը տեսավ, որ համայն կաթոլիկ աշխարհը աղոթում է հայ եկեղեցու հետ», «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց նա։
Սուրբ պատարագին նաեւ մասնակցում էին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ժամանած հայերը։ Ռուբեն Բոյաջյանի խոսքով՝ Հռոմի պապի հայաստանյան այցելությունը, իրոք, կարեւորագույն պատմական պահ է Հայաստանի համար։ «Շատ ուրախ եմ Գյումրի գալու եւ Հռոմի Պապին տեսնելու համար, մանավանդ որ առաջին անգամն եմ Հայաստանում։ Այցը շատ կարեւոր էր հոգեւոր առումով, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության. Հռոմի Պապը շատ բաներ արեց հայերի համար», մեզ հետ զրույցում նշեց արգենտինահայը։