Մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում. Գարեհին Բ

Հանրապետության հրապարակում Հռոմի պապի հանդիսապետության տեղի ունեցող էկումենիկ արարողության և Խաղաղության աղոթքից առաջ ուղերձով հանդես եկավ Գարեգին Բ կաթողիկոսը։

«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն: Ձերդ սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, սիրելի բարեպաշտ ժողովուրդ»,-ասաց Գարեգին Երկրորդը։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի, «Նոյի երկրից»` հանուն աշխարհում խաղաղության ու մարդկության ապահով ու բարօր կյանքի:

Գարեգին Երկրորդը խոսեց նաև այն մասին, որ այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ տուժում ու սպանվում են ահաբեկչական ու պատերազմական գործողություններից, և մարդկային անասելի տառապանքների են ենթարկվում աշխարհի տարբեր կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու կանայք` աշխարհի տարբեր կողմերում:

«Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, ԼՂ ժողովրդի` ազատ ապրելու իրավունքն իր բնօրրանում»,- ասաց Գարեգին Երկրորդը:

Նա հիշատակեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրած Ադրբեջանի գործելաոճը, որի հետևանքով հրետակոծվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին հայ զինվորներ ու երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

«Մեր ժողովուրդը երախտապարտ է Ձերդ գերազանցությանը ու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են արդարությունը և ակնկալում են, որ ժամանակակից Թուրքիան անսալով Ձեր և բազում պետությունների ու միջազգային կոչին` քաջություն դրսևորի` անսալու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը»,- հավելեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա նշեց, որ խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, իսկ մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկման առարկա:

Scroll Up