Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կարիգիանիսն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսին, որին ուղեկցում էր Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց կանադացի քաղաքական գործչի ակտիվ դիրքորոշումը ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության, ինչպես նաև՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ վերջին տարիներին իրականացրած գնահատելի աշխատանքը։ Նա մասնավորապես նշեց. «Ես ուրախ եմ Ձեզ ողջունել, տեղյակ եմ Ձեր հայանպաստ գործունեությանը: Հույները և հայերը մոտ են ազգային հոգեկերտվածքով, պատմությամբ ու ավանդույթներով»:

Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելել Հայաստան։ Նա նշեց. «Ես իսկապես հասկանում և գնահատում եմ ձեզ, ծանոթ եմ ձեր ժողովրդի պատմությանը: Եղել եմ Վանում, Սասունում, Դիարբեքիրում, շատ հանդիպումներ եմ ունեցել հայերի հետ: Սիրով ընդունում եմ Ձեր հրավերը՝ սեպտեմբերին Երևանում մասնակցելու Հայաստանի անկախության 25 ամյակի տոնակատարություններին»:

Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսը ծնվել է 1955թ. Աթենքում, 1966թ.-ից ապրում է Կանադայում: Ավարտել է Տորոնտոյի Համալսարանը, ունի ճարտարագիտության բակալավրի որակավորում: Եղել է Կանադայի կառավարման դպրոցի ասպիրանտ: 2014թ. Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ է:

2012թ. որպես դիտորդ (առաջինը Կանադայից) ներկա է եղել ԼՂՀ նախագահական ընտրություններին:

1999թ. Հունաստանում պարգևատրվել է «Ոսկե խաչ» շքանշանով, 2014թ. Հայաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար «Մխիթար Գոշ» մեդալով և 2014թ.Արցախում «Ոսկե» մեդալով:

Scroll Up