Արցախյան ղողանջներ. Ամեն օր մենք ավելի ենք արժեվորում մեր խաղաղ լուսաբացը

«Ես հիմա քմծիծաղով եմ տեղեկանում «քաղքենի» աշխարհի խնդիրներին ու ձգտումներին, երբ սահմանին այնքան մոտ եմ ապրում»: Ընթերցում եմ փոքրահասակ, բյուրեղյա մաքրությունն իր հոգում կրող, մի անսովոր հեզիկ կերպարի մեջ ամփոփված իմ 11-րդ դասարան փոխադրված աշակերտուհու օրեր առաջ գրված տողերը: Սա մարտահրավե՞ր էր` ուղղված ամբողջ աշխարհին, թե՞ արցախդստեր հոգում ծնված հպարտության զգացումն էր թև առել` գիտակցելով, որ սահմանին այնքան մոտ ապրողին քաջություն է պետք և միահամուռ աղոթք:
Վերջին օրերի ցավալի իրադարձությունների հետ կապված` փորձել էի տարբեր դասարաններում իմ առջև նստած աշակերտների արձագանքները լսել: «Սահմանի մոտ», միանգամից ծնվել էր վերնագիրը:
Եվ ահա նորից ու նորից թերթում եմ տետրերը… Գիտեի, որ շատ տխուր, այդպես ցավոտ էլ պիտի ծնվեին մտքերը…
Շարունակում եմ ընթերցել աշխարհի խնդիրներին քմծիծաղով տեղեկացող իմ աշակերտուհու` Սեդա Գրիգորյանի հուզումնառատ տողերը. «Սահմանին այսքան մոտ ապրելով` մենք ուրիշ ենք դառնում: Մեր կենդանի պատվար լինելու գիտակցումը վախի հետ նաև հպարտության գիտակցում է ծնում: Մենք ավելի ենք արժևորում մեր ամեն մի խաղաղ լուսաբացը և հասկանում, թե մեզ շրջապատող օդի պես որքան կարևոր է խաղաղությունը: Բոլորիս տեսանելի է, որ փոքրիկ քաղաքիս ամենօրյա աղմուկը երբեմն անընդմեջ աշխուժանում է, շիկանում: Շտապօգնության մեքենաները արագ երթևեկում են այս ու այն կողմ: Ուրեմն ինչ–որ տեղ, ինչ–որ բան այն չէ…Բարձրահասակ շենքի մեր պատշգամբից լարումով հետևում եմ հիվանդանոցի մոտ հանգրվանած այդ մեքենաներին: Հիմա էլ սպիտակ խալաթներով բժիշկներն ու քույրերն են շփոթված դեսուդեն վազվզում: Պարզ է` վիրավորներ ունենք: Այդ պահին ցաքուցրիվ մտքերս միահամուռ աղոթք են դառնում` տե՛ր Աստված, պահպանի՛ր մեր զինվորներին: Ամեն զինվորի կորստի հետ խավարում է մեր հոգու մի մասը: Մեկիկ–մեկիկ հանգչող մոմի պես ամեն կորստի հետ խավարում է նաև մեր կյանքը»:
Ընդհատում եմ ընթերցումս, սիրտս ճաք է տալիս ցավից, մտքերս նորից սավառնում են դեպի հեռուները: Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ հայի համար կյանքը հավերժական տոն չէ: Սա սահմանն է, իսկ սահմանի մոտ մեզ համար մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի