Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել թուրք ազգայնականներին հայատյաց արտահայտությունների համար

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է դատարան: Նա դատական հայց է ներկայացրել ուլտրաազգայնական «Ուլքու օջաքլար» կազմակերպության անդամների դեմ, որոնք հրապարակայնորեն հնչեցրել են հայատյաց արտահայություններ: Ի դեպ, «Ուլքու օջաքլար»-ը հայտնի է «Գորշ գայլերի» հետ ունեցած սերտ կապերով, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ինչպես հաղորդում է թուրքական  «Wanhaber» լրատվական կայքը, վերոհիշյալ կազմակերպության անդամները Ստամբուլում գերմանական հյուպատոսարանի առաջ կազմակերպվածբողոքի ցույց ժամանակ վանկարկել են հետևյալ լոզունգը՝ «Ամենալավ հայը, մեռած հայն է»:

Բողոքի ակցիան «Ուլքու օջաքլար»-ի անդամները կազմակերպել էին այն բանից հետո, երբ  Գերմանիայի Բունթեսթագը (խորհրդարան) ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծ: Ակցիայի մասնակիցները ծածանել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:

Ըստ Փայլանի` բողոքի ցույցի ժամանակ  հայատյաց բովանդակությամբ մի շարք այլ արտահայտություններ ևս հնչեցվել են, որոնք պարունակել են բացահայտ սպառնալիքներ՝ ուղղված հայ ժողովրդին:

Scroll Up