Ինչ նվեր-անակնկալ է պատրաստել Էջմիածինը Հռոմի պապի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան եռօրյա այցի ընթացքում իջեւանելու է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ Հին Վեհարանի շենքում: NEWS.am-ի հետ զրույցում Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Էջմիածնի միջոցառումներից:
«Ընդհանրապես Հռոմի սրբազան քահանայապետերը բնակվում են հյուրանոցներում կամ այլ վայրերում, բայց 2001թ. սկսած, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ այցելեց Հովհաննես Պողոս երկրորդը, նա նույնպես իջեւանեց Վեհարանում: Ֆրանցիսկոս պապի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությունն է եղել այդ ավանդույթը շարունակել»,- ասաց Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Պապի եռօրյա այցի առաջին կանգառը հենց Էջմիածինն է լինելու: Մայր Տաճարում նրան կդիմավորեն ուխտավորներ, հոգեւորականներ, տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն:
«Տրդատա կամարի մոտից հոգեւորականների հանդիսավոր թափորը բազաթիվ ուխտավորներով դիմավորելու է երկու հովվապետերին: Նրանք «Հրաշափառ Աստված» շարականի երգեցողության ներքո ուղղվելու են դեպի մայր տաճար: Մոտենալու են իջման սուրբ սեղանին, համբուրելու են սուրբ խաչն ու սուրբ ավետարանը: Ապա Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը երկու կողմերից բարձրանալու են ավագ սուրբ խորան, ողջագուրվելու են, ողջույնի խոսքեր են ասելու»,- ասաց Տ. Զաքարիան:
Էջմիածնից Հռոմի պապը ուղեւորվելու է Երեւան, հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Գյումրիում եւ Երեւանում սուրբ պատարագ ու խաղաղության աղոթք մատուցելուց հետո Հռոմի պապն իր այցի երրորդ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ սուրբ պատարագ է մատուցելու նաեւ Էջմիածնում:
«Պատարագը մատուցվելու է Սուրբ Տրդատի բաց խորանում: Հոգեւորականաց հանդիսավոր թափորը «Երեմյան խցերի» մոտից հոգեւորականների ուղեկցությամբ եւ շարականների երգեցողության ներքո ուղեւորվելու է դեպի բաց խորան, որտեղ աղոթակցությամբ Հռոմի սրբազան քահանայապետի պատարագ կմատուցվի», -ասաց եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրենը:
Պաշտոնական մասից բացի Հռոմի պապը նաեւ առանձնազրույց կունենա Վեհափառի հետ: Նախատեսվում է, որ երկու եկեղեցիների առաջնորդները միմյանց նվերներ կմատուցեն:
« Եկեղեցին Հռոմի պապին սուրբ հաղորդության սկիհ է նվիրելու, որով սուրբ պատարագ ենք մատուցում: Բավական գեղեցիկ սկիհ է, որի մի կողմում պատկերված է Վատիկանը, մյուս կողմում՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, երկու հիմնադիր առաքյալները՝ սուրբ Թադեոսը եւ սուրբ Պետրոսը: Այս նվերները սիրո եւ եղբայրության նմուշ են երկու եկեղեցիների միջեւ»,-ասաց Տ. Զաքարիան:
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի