Պաշտպանության նախարարն ընդունել է ամերիկահայ բարերարներին

Հունիսի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնագախահ Էնտոնի Բարսամյանին եւ համագումարի Երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլեւ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել են, որ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկուստեք կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւ նշվել է բանակի ու Ամերիկայի հայկական համագումարի միջեւ կապերի հետագա խորացման անհրաժեշտության մասին:

Scroll Up