Գեռլայում Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը՝ TVR Cluj հեռուստաալիքի եթերում
Դեռեւս 17-րդ դարի սկզբներին հայերի կողմից հիմնադրված պատմական Արմենոպոլիս` Գեռլա քաղաքում (Ռումինիայի Կլուժ նահանգ) հունիսի 11-ին հերթական անգամ նշվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը: Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի կրոնական այս նշանավոր տոնը Գեռլայի քաղաքային իշխանությունները հայտարարել են նաեւ Քաղաքի օր, 2012թ. Իջեւանի հետ եղբայրական կապեր հաստատելուց հետո: Քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները: Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները կենտրոնանում են հայկական իրադարձությունների շուրջ:
Այդ օրը Գեռլայի Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում (1776թ.), որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթոլիկ տաճարը, մատուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ, ինչի մասին ռումինական TVR Cluj հեռուստաալիքը պատրաստել է ռեպորտաժ:
«Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագը, որը սովորաբար անցկացվում է Գեռլա քաղաքում, այս տարի նույնպես մատուցվել է Գեորգենի «Կարմիր թիկնոցավոր ասպետների» մասնակցությամբ: Պատարագին ներկա հայերը եւ այլոք հիշատակի տուրք մատուցեցին հայերի առաջին եպիսկոպոսապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ով առաջին քրիստոնյա եպիսկոպոսներից է ու քրիստոնեական առաջին երկրի հիմնադիրը»,- պատմվում է ռեպորտաժի մեջ:
«Այս տոնը, որը դարձել է Գեռլա քաղաքի օր, հատուկ կարեւորություն ունի ոչ միայն հայերի, այլեւ քաղաքի բոլոր բնակիչների համար: Գեռլան եղբայրական կապեր է հաստատել եվրոպական տարբեր քաղաքների, ինչպես նաեւ Հայաստանի ու Իսրայելի քաղաքների հետ, որոնց պատվիրակություններն ամեն տարի այս օրը հավաքվում են այստեղ: Հետեւաբար, կարող ենք իրավամբ ասել, որ Գեռլան եղբայրացած քաղաքների մայրաքաղաքն է, բոլորիս համար հանդիպման խորհրդանշական մի վայր»,- ասում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Իր հերթին Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը ավելացնում է, թե. «Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնը Ռումինիայի եւ յուրաքանչյուր հայի համար է: Տոնակատարության միջոցով մենք աշխարհին հիշեցնում ենք, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հիշեցնում ենք նաեւ, որ Գեռլան, որը երկար ժամանակ Արմենոպոլիս է կոչվել, այն միակ վայրն է, որը հայերն են անվանակոչել, եւ որը հիշեցնում է իրենց հայրենիքը: Արմենոպոլիս անունը կարելի է գտնել այն ժամանակների բազում քարտեզների վրա. ընդ որում` քաղաքում գտնվող տաճարը մինչեւ 20-րդ դարը եղել է ամենամեծ տաճարը, որը կառուցել են սփյուռքի հայերը»:
Տոնակատարությանը ներկա Հունգարիայի Հայոց միության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը նույնպես խոսել է իր տպավորությունների մասին: «Ցավոք սրտի, ներկա պահին Հունգարիայի հայերը չեն կարողանում իրենց կրոնական տոները նշել, քանի որ կրոնների վերաբերյալ կառավարության վերջին որոշումը դուրս է թողել Հայոց եկեղեցուն: Ներկայիս դրությամբ Հայոց եկեղեցու չճանաչված լինելու պատճառով Հունգարիայի հազարավոր հայեր իրենց կյանքն անցկացնում են առանց ժամ ու պատարագի»,- ասել է Ավանեսյանը եւ ավելացրել, որ բարեբախտաբար կան հարեւան երկրներ, որտեղ կարելի է գնալ ու յուրահատուկ պահերը վայեյել այնտեղ գտնվող եղբայրների հետ` լինեն նրանք Հունգարիայի, թե Տրասնիլվանիայի հայեր: «Ամեն տարի դեպի Գեռլա այս ուխտագնացությունը մեզ համար հատուկ տոն է, որը հուսով եմ՝ կվայելենք դեռ բազում անգամ»,- նշել է Ավանեսյանը:
Ռեպորտաժում նաեւ խոսվում է պատարագից հետո տեղի ունեցած 19-րդ դարավերջի տրանսիլվանահայ պատմաբան եւ խմբագիր Քրիստոֆ Սոնգոթի «Գեռլա քաղաքի մենագրությունը» գրքի շնորհանդեսի մասին, որը հունգարերենից ռումիներեն է թարգմանել Անդրեա Գիցան:
Ներկաներին հայերեն լեզվով դիմել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ Ալբա Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոս, Տրանսիլվանիայի հայ-կաթոլիկների հոգեւոր պետ Գյորգի Յակուբինին: Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը կարեւորել է այն փաստը, որ հունիսի 24-26-ը Հայաստան այցելություն է կատարելու Հռոմի Պապը, անվանելով այն պատմական այց:
Վարուժան Ոսկանյանն ու Ալեքս Ավանեսյանը խոսել են նաեւ Ռումինիայում ու Հունգարիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական տեսակետի մասին` այն բանից հետո, երբ գերմանական Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
Ոսկանյանը մասնավորապես հայտնել է, որ ռումինական կուսակցությունների օրակարգում ներկայիս դրությամբ Հայոց ցեղասպանության հարցը բացակայում է, քաղաքական կուսակցությունները փորձում են հեռու մնալ այդ հարցից: Ոսկանյան նշել է, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը վարակիչ պետք է լինի նաեւ Ռումինիայի խորհրդարանի համար, քանի որ Ռումինիան աշխարհի այն երկրներից է, որտեղ ազգային փոքրամասնությունների հանդեպ ճիշտ վերաբերմունք է ցուցադրվում, եւ եվրոպական տարածքի վրա գոյություն չունի մեկ այլ պետություն, որտեղ հայերը ավելի շատ վայելեն սահմանադրական ու օրենսդրական իրավունքներ: «Ռումինիայում հայ լինելը պատվավոր տիտղոս է»,-, ասում է նա: Ոսկանյանը նշել է, որ լավ կլիներ, որ իշխանությունների ու բնակչության նման վերաբերմունքը ուղեկցվեր Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, որը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաեւ մարդկության պատմության ճանաչում է:
Ալեքս Ավանեսյանն ասել է, որ Գերմանիան միջազգային քաղաքականության մեջ ու եվրոպական համատեքստում գլոբալ ու կարեւոր գործոն է, նմանապես Ֆրանսիան, որը արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես եւ բազում այլ եվրոպական երկրներ: Ավանեսյանը կարծիք է հայտնել, որ եթե Վիշեգրադի խումբը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով որոշում կայացնի, այս թեման կարող է հայտնվել նաեւ Հունգարիայի խորհրդարանի ուշադրության կենտրոնում ու այսպիսով հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել:
Հիշեցնենք, որ 2014թ. Գեռլայի հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվել է ռումինական TVR3, TVR-Cluj եւ TVR Plus հեռուստակայաններով։
«Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, եւ դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների եւ ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր»,- պատարագից անմիջապես հետո 300-ամյա Հայոց տաճարի ժամացույցի նոր, եզակի մեխանիզմի գործարկմանը նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարել է դեսպան Գասպարյանը և հավելել. «Այն թանկ է հատկապես մեզ` հայերիս համար, քանի որ կազմում է մեր ժողովրդի պատմության մի մասը: Ռումինիայի հայերը մարդկային այն օղակը, այն հանգույցն են, որոնք մեզ կապում են իրար, կռում այն համերաշխությունը եւ բարեկամությունը, որով մենք ուզում ենք կառուցել ավելի լավ աշխարհ եւ ավելի լավ ապագա»:
Արարողությունից հետո ռումինական TVR3 կայանը շարունակել է ուղիղ եթերը Հայոց Տաճարի բակից` դեսպան Գասպարյանի, հռչակավոր ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի/Harry Tavitian, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանի/Sirun Terzian եւ Գեռլայի Հայոց թանգարանի տնօրեն Միրչա Թիվադարի/Mircea Tivadar մասնակցությամբ, որի ընթացքում բանախոսները մեկ ժամ զրուցել են ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության շուրջ։ Հաղորդավար Կարեն Շեբեշին/Karen Scebesi հայկական Արմենոպոլիսի անցյալի եւ ներկայի մասին հարցումներ է ուղղել նաեւ քաղաքապետ Մարիուս Սաբոյին ու Տրանսիլվանիայի Հայոց Միության նախագահ Իոն Էստեգարին/Ioan Esztegar: Հաղորդումն ամբողջությամբ կրկնվել է հաջորդ օրը երեկոյան:
Աղբյուրը՝ Հայերն այսօր